«Ոչ ոք իր մեքենան 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ պարզաբանելով եղբոր՝ Տիգրան Համբարձումյանի «Օպել» մակնիշի ավտոմեքենան պետությանը 2 մլն դրամով վարձակալության տրամադրելու թեման:
«Մրցույթ է տեղի ունեցել, մասնակցել է, տարեկան 2 մլն դրամը ամսական կազմում է 150 հազար դրամ օրական 5000 դրամով։ Եթե որևիցե մեկին կգտնեք, որ իր մեքենան կտրամադրի օրական 5000 դրամով, խնդիր չկա, թող տան, բոլորի համար մրցույթը բաց է եղել, և բոլորը իրավունք ունեին մասնակցելու, և եթե որևիցե մեկին ձեռնտու լիներ կամ լավ գին լիներ օրը 5000 դրամով այդ ծառայությունը իրականացնելը, կգային, կմասնակցեին։ Եղբայրս հանուն մեր համայնքի է արել, 300,000-դրամանոց մեքենայի վրա մոտավորապես մի այդքան էլ գումար է ծախսել:
Ընդհանրապես եթե կա որևիցե մեկը, որ օրական 5000 դրամով կարող է այդ ծառայությունը իրականացնել, թող իրականացնի, ամենայն ազնվությամբ, ես երեկ մամուլից եմ իմացել, որ նման բան է տեղի ունեցել, տեղյակ չեմ եղել, որ ինքը նման ծառայություն է մատուցում, խոսել եմ իր հետ, հանուն համայնքի ու հանուն դպրոցի է արել: Այսօր ցանկացած տաքսի 5000 և ավելի գումար է աշխատում, իսկ օրական 5000 դրամով այդ ծառայությունը մատուցելը միայն հանուն համայնքի ու դպրոցի է, այդտեղ որևիցե արտառոց բան չկա։ Եթե հենց հիմա մի մասնակից լինի, պատրաստ ենք հրաժարվել, որովհետև ընդհանրապես այդ աշխատանքն ու ծառայությունը ոչ ձեռնտու ծառայություն է»,- նշել է Համբարձումյանը:













