ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։
Նախագծի համաձայն՝ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։
Կառավարությունը 2027 թվականին ակնկալում է 5.8% տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի տարեկան միջին տեմպը նախատեսվում է շուրջ 6%։
Կառավարության գնահատմամբ՝ տնտեսական աճի հիմնական շարժիչներից մեկը լինելու է գիտելիքն ու նորարարությունը։ Նախատեսվում է զարգացնել տեխնոլոգիական և նորարարական արտադրանք ստեղծող տնտեսություն, ինչպես նաև շարունակել ենթակառուցվածքների զարգացումը։
Բյուջեի նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտքի բեռը 2027-2028 թվականներին կպահպանվի մոտ 47% մակարդակում, իսկ մինչև 2029 թվականը կնվազի՝ հասնելով մոտ 46.4%-ի։
Ծախսային քաղաքականության շրջանակում կառավարությունը նախատեսում է նվազեցնել ընթացիկ ծախսերի մասնաբաժինը և պահպանել կապիտալ ծախսերը պատմական միջինից բարձր մակարդակում։ Կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում մինչև 2029 թվականը նախատեսվում է հասցնել 5.9%-ի։
Միաժամանակ ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2026 թվականի համար ակնկալվող 24.4%-ից աստիճանաբար կնվազի և 2029 թվականին կկազմի 22.5%։
Բյուջեի եկամուտների ավելացման նպատակով նախատեսվում է բարելավել հարկային վարչարարությունը, շարունակել ստվերային տնտեսության դեմ պայքարը և հարկային օրենսդրության միջոցով ձևավորել ավելի կանխատեսելի միջավայր ներդրողների համար։
Կառավարությունը նախատեսում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կշարունակի աճել և 2029 թվականին կհասնի 25.7%-ի։
Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը։













