Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է պետական բյուջեի առաջին ինն ամիսների հարկային եկամուտներին։
«Ինն ամիսների արդյունքներով պետբյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ինն ամիսների համեմատ ավելի է 14,7 տոկոսով»,- ասել է վարչապետը և ընդգծել՝ 2025 թվականի բյուջեի ցուցանիշների համեմատ այս ցուցանիշն ավելի է 126 մլրդ դրամով։
Վարչապետն այս առումով շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող և հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին․ «Սակայն այս ամենով հանդերձ՝ մենք ունենք ահռելի ստվեր, և ես բավարարված չեմ ստվերի դեմ մեր պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով և արդյունավետությամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ցուցանիշները կապ ունեն այն տնտեսական ակտիվության հետ, որն արձանագրված է Հայաստանում․ «Ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների՝ 2026 թվականի օգոստոսին տնտեսական ակտիվությունը 5,2 տոկոս է, ընդ որում՝ շատ մեծ տեմպով շարունակում է աճել շինարարությունը։ Անշարժ գույքի շուկայում շատ մեծ ակտիվություն կա»,- ասել է նա։













