Սոցիալական փաթեթը գործում էր 2012 թվականից, այն իր գործառույթն արել է, ծրագիրը մյուս տարվանից կավարտվի։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ սոցփաթեթի ծրագիրը 2027թ հունվարից ավարտվելու է։
Թորոսյանի խոսքով՝ սոցփաթեթի փոխարեն պետությունը աշխատող քաղաքացիներին տրամադրում է որակապես ավելի բարձր բժշկական ապահովագրություն, որը 2027թ հունվարից գործելու է նաև 200 հազար դրամից քիչ աշխատավարձ ստացողների համար:
«Սոցփաթեթի ծրագիրը եղել է հատվածական լուծում որոշակի խումբ պետական աշխատողների համար, այն դիտարկվել է աշխատավարձի բարձրացմանը փոխարինող միջոց, որը կորցրել է իր արդիականությունը։ Սոցփաթեթի տարբեր շահառուներ օգտվում են պետության կողմից վերջին տարիներին կատարված տարբեր բարեփոխումներից, և, օգտվելու են նաև 2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող նոր համակարգերից։
Մեր քաղաքացիները, որոնք ունեն հիմա սոցիալական փաթեթ, իհարկե կշարունակեն տիրապետել այն գումարները, որոնք իրենց հաշիվներին կան, որովհետև մենք ունենք մոտավորապես 13 միլիարդ դրամ կուտակված գումարներ բանկերում։ Իհարկե, կառավարությունը նաև հատուկ որոշումով կսահմանի դրանց ծախսման ուղղությունները, որոնք հավանաբար շատ չեն տարբերվի այսօրվա ուղղություններից, բայց քննարկումները շարունակվում են, մենք դեռ վերջնական այդ մասով որոշում չունենք։
Պետք է նաև հաշվի առնենք, որ հունվարի 1–ից բարձրանալու է հանրային ծառայողների աշխատավարձը, դրանք տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ են, որոնք նաև սոցիալական փաթեթի շահառու են, ինչպես նաև գիտեք, որ հունվարի մեկից 200 հազարից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները նույնպես ներգրավվելու են առողջության ապահովագրության մեջ»,– ընդգծեց նախարարը։













