ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիա և Կատար է ուղարկել Patriot հակահրթիռային պաշտպանության ևս երկու մարտկոց։ Այդ մասին հայտնում է Axios-ը։
Հրապարակման համաձայն՝ մեկ մարտկոց տեղակայվել է Սաուդյան Արաբիայում՝ նավթային օբյեկտի պաշտպանության, իսկ մյուսը՝ Կատարում՝ գազային արդյունաբերության օբյեկտի անվտանգության ապահովման համար։
Axios-ի աղբյուրի խոսքով՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի Սաուդյան Արաբիայի թույլտվությունը՝ երկրի օդային տարածքն օգտագործելու համար։ Ըստ աղբյուրի՝ Ռիադը կարող է չտալ այդ թույլտվությունը, եթե համարի, որ իր նավթային օբյեկտները բավարար պաշտպանված չեն։
Միաժամանակ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկում լրացուցիչ ռազմական ուժեր, ինքնաթիռներ և նավեր։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ «USS Theodore Roosevelt» ավիակիրն ու դրա հարվածային խումբը Սան Դիեգոյից մեկնել են տարածաշրջան և սպասվում է, որ այնտեղ կհասնեն նոյեմբերի կեսերին։ Տարածաշրջան է մեկնել նաև «Makin Island» դեսանտային խումբը:













