Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին համարում է իր լավագույն ուսանողներից մեկը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, փետրվարի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում Թոխյանը նշեց, որ նա հանդիպել է Միրզոյանի հետ և ոչ միայն նրա հետ, այլև շատ շատերի հետ:
Հարցին, թե ՍԴ դատավորը Միրզոյանի հետ հանդիպել է որպես իր ուսանողի՞, թե՞ ԱԺ նախագահի, Թոխյանը պատասխանեց՝ և՛ որպես ուսանողի, և՛ որպես ԱԺ նախագահի:
Հարցին՝ արդյոք հանդիպմանը քննարկվե՞լ են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը, Թոխյանը պատասխանեց՝ ոչ։
Խոսելով տարածվող լուրերից, թե ՍԴ-ի ներսում լարվածություն կա, Թոխյանն ասաց. «ՍԴ-ում ոչ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի եկած ժամանակ եւ ոչ էլ հիմա ոչ մի ճգնաժամ չի եղել եւ չկա»: