Կոնստանտին Զատուլին: ՌԴ Պետդումայի պատգամավոր: Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով Կոմիտեի փոխնախագահ, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ուղղափառության Միջխորհրդարանական Ասամբլեայի միջազգային հանձնաժողովի նախագահ, ռուս-հայկական «Լազարյան ակումբ» դիսկուրսիոն հարթակի հիմնադիր ու ղեկավար:
Զատուլինը ՀԺ-ին տված հարցազրույցում պատմում է, որ իր երկարամյա քաղաքական կարիերայի ընթացքում բազմաթիվ անգամներ եղել է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` Արցախում, ինչով հարուցել է ադրբեջանցի գործընկերների չհիմնավորված դժգոհությունը:
– «Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս է: Սա ոչ միայն մեր ժամանակակից, այլ նաեւ՝ մեր պատմական ընկալումն է»: Մեջբերումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտքն է, որը նա արտահայտել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: Ի՞նչ եք կարծում, իսկ Հայաստանը ինչպես է ընկալվում ժամանակակից ռուս հասարակության կողմից՝ մշակութային-քաղաքակրթական ենթատեքստում:
-«Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը, որը տեղի ունեցավ անցյալ տարի դեկտեմբերին Երեւանում, ինչ-որ առումով հենց դրան էր նվիրված: Մենք ցանկացանք քննարկել Ռուսաստանի կերպարի ընկալումը Հայաստանում եւ հակառակը: Երբ մենք խոսում ենք Հայաստանի կամ Ռուսաստանի մասին, մենք հիմնականում նկատի չունենք պաշտոնական կառույցները: Մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության մասին: Մենք ունենք ինքնագիտակցության ընդհանուր արմատներ ՝ քրիստոնեությունը. անկախ նրանից՝ հավատացյալ ենք, թե ոչ, դա դրված է մեր գենոտիպի մեջ:
Առաջնահերթություն ունեցող վերաբերմունքը հայերի նկատմամբ ընդգծված է նրանով, որ Հայաստանը միակ լիարժեք դաշնակիցն է ՌԴ համար՝ Կովկասի տարածաշրջանում: Այդ կոնտեքստում կարող ենք թվել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի ռազմաբազայի առկայությունը Հայաստանում եւ այլն: Այդ մակարդակի ինստիտուցիոնալ հարաբերություններ կովկասյան այլ պետության հետ մենք չունենք:
-Ադրբեջանը անընդհատ թեժացնում է ինֆորմացիոն ֆոնը, առիթը բաց չի թողնում բողոքի նոտաներ ուղարկել ՌԴ ԱԳՆ: Վերջերս էլ Ձեր՝ Ղարաբաղ կատարած այցի պատճառով էին նոտա հղել ՌԴ ԱԳՆ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչու Ադրբեջանը պատրաստ չէ փոխել իր ռազմավարությունը՝ գոնե տեղեկատվական հարթակում:
-Եկեք հասկանաք ադրբեջանական կողմի լոգիկան: Ադրբեջանը պարտվել է Ղարաբաղի համար տարվող պայքարում: Կան զոհեր, կան փախստականներ, կան պահանջներ: Ինչո՞ւ են նրանք այդպիսի ակտիվ քարոզչական արշավ ծավալում, որովհետեւ նրանք փորձում են բառերով լցնել այն վակուումը, որը ստեղծվել է պատերազմի դաշտում պարտվելու հետեւանքով: Նրանց խոցել է կրած պարտությունը, եւ մի քանի օր առաջվա նմանօրինակ բանավեճը այդ փաստի յուրատեսակ փոխհատուցումն է:
Խնդիրը, սակայն, այն է, որ եթե ամենը այդ բանավեճով սահմանափակվեր, ապա կարելի կլիներ ասել, որ դա վատ է, բայց ճակատագրական նշանակություն չունի: Ցավոք, մենք տեսնում ենք, որ այդ քարոզչությունը պարբերաբար վեր է աճում իրական ագրեսիայի բռնկումների, ինչը տեղի ունեցավ 2016 թ.: Ամենավատը այն է, որ այդ թշնամանքը արդեն ներծծվել է ազգային ինքնագիտակցության մեջ եւ որոշ դեպքերում ձեռք է բերել այլանդակ դրսեւորումներ: Հայտնի պատմությունը արդեն հանգուցյալ Սաֆարովի հետ կապված… Իհարկե, բոլոր հասարակություններում էլ, դժբախտաբար, պատահում են նման սաֆարովներ, բայց կատարվածի ողբերգությունն ու սարսափը այն է, որ մարդասպանը Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնապես հերոսացվեց ու բարձրացվեց պատվանդանին: Դա խոսում է այն մասին, որ վստահել Ադրբեջանին այն խոստումների մեջ, թե ԼՂ-ն կարող է ունենալ լայն ինքնավարություն եւ գոյատեւել Ադրբեջանի կազմում, ոչ մի պարագայում չի կարելի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ում: