Փաստերի ստուգման հարթակ |
Երևանի Զեյթուն թաղամասի «Շատրվաններ» զբոսայգին զբաղեցնում է մոտ 1.5 հեկտար տարածք։ Այն ունի եռանկյունաձև հատակագիծ և պարփակված է Դավիթ Անհաղթ, Դրոյի, Ռուբինյանց և Ավետիս Ահարոնյան փողոցներով։ Այսօր այն գտնվում է անխնամ և լքված վիճակում։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ում պատասխանատվության տակ է գտնվում այգին և ինչ հանգամանքներում է Զեյթունի ամենամեծ կանաչ տարածքներից մեկն այս վիճակում հայտնվել։
Այգու առաջին վարձակալը
Զբոսայգին դեռ 2006-ի ապրիլին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ավագանու որոշմամբ 50 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնվել էր Աշոտ Տոնոյանին, որը «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատերն էր։ Տոնոյանը 2007-2012 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Նա մահացել է 2014-ի հունիսին։
2006-ին կնքված պայմանագրով Տոնոյանը պարտավորվել էր այգին բարեկարգել՝ ներդնելով 392 մլն դրամ և 50 տարվա ընթացքում 37.5 մլն դրամ վճարել համայնքի բյուջե։ Այսինքն, փաստացի, վարձակալության համար Տոնոյանը պարտավորվում էր վճարել տարեկան 750 հազար դրամ, իսկ ամսական՝ ընդամենը 62 500 դրամ։
Բարեկարգման աշխատանքների համար 392 մլն դրամի մոտ 40 տոկոսը՝ 170 մլն դրամը, Տոնոյանը պետք է ներդներ այգու տարածքի և հարակից մայթերի ծածկույթի փոփոխման համար։ Դրանից բացի, Տոնոյանը, որը պայմանագրում նկարագրվում էր որպես Քանաքեռ-Զեյթունում «պարկեշտ քաղաքացու և ազնիվ գործարարի բարի համբավ» ունեցող մեկը, պետք է վերանորոգեր այգու շատրվանները, կանաչապատ տարածքները, լուսավորությունը, ոռոգման ցանցը, տեղադրեր նստարաններ, աղբամաններ և կառուցեր հասարակական զուգարան։ Այս ամենը, ըստ պայմանագրի, պետք է արվեր երկու տարվա ընթացքում։
Միաժամանակ, համայնքն իրավունք ուներ (ունի) բարեկարգման աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով կազմակերպել ստուգայցեր և վարձակալից պահանջել փաստաթղթեր։ Վարձակալի կողմից բարեկարգման մասնակի՝ ոչ ամբողջական կատարվելու դեպքում, ըստ պայմանագրի, վարձակալության ժամկետը (50 տարի) պետք է նվազեր երեք տարով, իսկ վարձակալը պարտավորվելու էր երեք ամսվա ընթացքում կատարել պարտավորություններն ամբողջությամբ։ Իսկ դրանք կրկին չկատարելու դեպքում՝ ամեն եռամսյակը մեկ վարձակալության ժամկետը կնվազեր երեքական տարով։
Պայմանագիրն ուժի մեջ էր մտել պետական գրանցում ստանալու օրը՝ 2006-ի մայիսի 3-ին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ fip.am-ում: