Այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրասդառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, որ հետ են վերցնում ՍԴ-ից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը, ասաց.
«Իմ լավ բարեկամ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում դիմումը, բայց չպատասխանեցին հարցին, թե ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը ՍԴ-ում քննության հետ. այդ գործը քննվելու է, որովհետեւ առաջին ատյանի դատարանն էլ է դիմել Սահմանադրական դատարան»:
Նա հավելեց, որ Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը, որ իրենք դիմումը հետ են վերցնում, նորմալ է, թող վերցնեն, բայց գործը քննվելու է:
«Եթե ՍԴ-ն ասի, որ չի քննվելու այս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է: Ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում: Մենք գտնում ենք, որ հակասահմանադրական գործընթացների սահմանադրականության վիճարկումը մաքուր իրավական գործընթաց է և որևէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաղաքական նպատակներով: Այն, որ պաշտպանները հետ են վերցրել դիմումը, դեռ չի նշանակում, որ գործը չի քննվելու հուլիսի 7-ին»:

















