Ազգային ժողովը հունիսի 30-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ կհրավիրի: Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:
Խորհրդարանականներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:
Այնուհետև պատգամավորները կքննարկեն Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին ԱԺ որոշումն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը: