ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում ընդունված ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությանը։ «Փաստաթուղթ, որն, ըստ էության, արտացոլում է համահայկականության անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հաղթահարման սկզբունքներն ու եղանակները»,- նշված է հայտարարության մեջ։
«Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականության այս ուղեցույցում համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին՝ «Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ։
Համաշխարհային և տարածաշրջանային հիմնարար փոխակերպումները, որոնք իրենց արտացոլում են գտել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության՝ որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման՝ որպես հիմնական սպառնալիքի վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետությունն այս փաստաթղթով վերահաստատում է իր՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր լինելը՝ այդ համատեքստում հատկանշելով հետևյալը․
- Հավատարիմ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը՝ մենք շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից։
- Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ընկած է լինելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում՝ որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք։
- Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի՝ վերադառնալով բանակցային սեղան՝ այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը։
- Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
- Արցախի անվտանգությունը չի կարող աճուրդի դրվել։
Վերոնշյալի պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմամբ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ, որը հանրային քննարկման է դրվելու՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»։