Հայաստան

Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական գործունությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել են չարաշահումներ. հարուցվել է նոր քրեական գործ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ 2020թ. օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհահատվածի վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությանը, որի ընթացքում հնչեցվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Պարզվել է, որ, ըստ 2017թ. դեկտեմբերի 19-ին հաստատված հատակագծի, պատրաստվող ռեպորտաժի համար իրականացվող նկարահանման վայրում, այն է՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի հողամասում, առկա է 14 միավոր շինություն, մինչդեռ համաձայն ստացված տվյալների՝ հատակագծում նշված չեն դրանցից լճի մոտակայքում գտնվող 2 շինությունները, որոնք դեռևս 28.01.2013թ. դրությամբ, ի թիվս այլ շինությունների, առկա են եղել: Նշված շինությունները բացակայում են նաև Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից 20.02.2017թ. համաձայնեցված կառուցապատման սխեմայում:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 3-րդ մասով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Բացի այդ, պարզվել է, որ դեկտեմբերի 20-ին նշված հողամասի սեփականատերը դիմում է ներկայացրել վերոնշյալ հասցեի անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման համար, որի կապակցությամբ դեկտեմբերի 25-ին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի աշխատակցի կողմից որոշում է կայացվել՝ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին, քանի որ ներկայացված փաստաթղթերում առկա է եղել անհամապատասխանություն, ինչպես նաև մի շարք շինություններ եղել են 1905 բացարձակ նիշից ցածր գոտում, մինչդեռ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի կողմից համապատասխանաբար 26.12.2017թ. և 19.01.2018թ. տրվել են տեղեկանքներ, որ այդ հասցեի վրա գտնվող հիմնական շինությունները գտնվում են 1905.0 մետր բացարձակ նիշերից վերև ընկած տարածքներում, որի հիման վրա՝ 2018թ. հունվարի 19-ին կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում: Միաժամանակ պարզվել է, որ Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի վերոնշյալ տարածքում առկա պարիսպները չեն համապատասխանում ՀՀ Կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի ««Սևան ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» թիվ 1563-Ն որոշման պահանջներին, այն է՝ արգելվում է լողափի գոտում բաժանիչ պարիսպների կամ ցանկապատերի տեղադրումը:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործով ձեռք են բերվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 3152 հոդվածով նախատեսված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ՝ ուստի պաշտոնեական կեղծիքների ու շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանին 102 միլիոն եվրո վարկ կտրամադրվի

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը գրել է. «Այսօր ԱԺ Առողջապահության հարցերի մշտական…

24 minutes ago

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի…

52 minutes ago

ՊՆ-ն ռեզերվի տակ է պահում Շամշադինի զբոսաշրջային ենթակառուցվածքները. բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան, Այս նամակը գրում եմ ոչ միայն որպես Հայաստանի Ռեստորատորների և Հյուրանոցատերերի Ասոցիացիայի…

1 hour ago

ԵՄ-ին անդամակցությունը Վրաստանի գլխավոր նպատակն է. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցություն իրենց գլխավոր առաջնահերթությունների թվում է։ «Մենք…

1 hour ago

Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպում են ունեցել

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի…

2 hours ago

Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Ալավերդիում

Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Նոր մասնաճյուղը տեղակայված…

2 hours ago