Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է պատերազմական օրվա ընթացքը ներկայացնել Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։
Նրա խոսքով՝ այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով, միաժամանակ խաղաղ բնակավայրերը հրետակոծվել են։ Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է, մի քանի գյուղերի ուղղությամբ ներթափանցման փորձեր են կատարվել։
Այսօր հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ հարձակում իրականացնել, ինչպես նաև հարավային ուղղությամբ մոտենալ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել և թշնամին, կիրառելով հրետանի և անօդաչու թչող սարքեր, հաջողության չի հասել։
Գյուղեր դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը 24 ժամյա ռեժիմով շարունակվում են, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն, բայց մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են անտառներ՝ ցանկանալով այլ ուղղություններով հաջողություն զարգացնել։ Հիմնակնում դաշտավայրերում որոշակի հաջողություններ ունենալուց հետո Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային կազմակերպությունների ահաբեկչական հրոսակախմբեր և այլոք, փորձում են հաջողություն ապահովել նաև լեռնոտ, անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այդքան էլ չի հաջողվում և մարտավարական առումով ընթանում է դաժան և դժվար պայքար։
Հովհաննիսյանը մանրամասնեց՝ պատերազմի բնույթը փոխվել է, այլևս նույն ուժգնությամբ մարտեր չեն վարվում, բայց վարվում են բարդ մարտեր՝ լեռներում, անտառներում, կիրճերում։ Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, նրանք փախուստի են դիմել՝ թողնելով մեծաքանակ սպառազինություն։ Հակառակորդը նկատելիորեն կորցրել է քանակական և տեխնոլոգիական առավելությունը, դա կախված է տեղանքից և մեր զինվորների հմտություններից, կատարելագործումից և փորձից, պատերազմը նույն դինամիկայով չի զարգանում այլևս։
«Վստահ եղե՛ք, հաղթելու ենք»,- համոզված է Հովհաննիսյանը։
Քրիստինե Հովսեփյան