Քաղաքականություն

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկրապահ ջոկատներն առաջիններից էին, որ կրեցին հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը: Իրենց ուսերին տանելով պատերազմի մեծ բաժինը, երկրապահ կամավորականները, կանոնավոր բանակի բացակայության պայմաններում, կանգնեցին հայրենի հողի պաշտպանության դիրքերում եւ Հաղթական փառքով պսակեցին 90-ականների պարտադրված այդ պատերազմը` ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրելով ամբողջ Արցախ աշխարհը:

Ադրբեջանա-թուրք-ահաբեկչական պարտադրված պատերազմի այս օրերին էլ Երկրապահ կամավորականներն առաջին իսկ օրից համախմբված վաշտերով ռազմաճակատում էին, իրենից սերված մեր փառապանծ բանակի, զինվորի հետ առաջնագծում էին: Ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր:

Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ: Հպարտանում եմ Ձեզանով, Ձեր քաջ զավակներով: Մենք այս օրերին տեսանք թե ինչ սերունդ եք դուք դաստիարակել՝ քաջ, անվախ եւ, որ ամենակարեւորն է՝ հայրենասեր: Մենք՝ երկրապահներս թերեւս ամենամեծ ցավն ենք ապրում ստեղծված իրավիճակում, սակայն չենք տրվում սադրանքների, խուճապի չենք մատնվում եւ չենք փորձում ուրախացնել մեր թշնամուն ներքաղաքական անկայունությամբ: Դարերի պատմություն ունեցող մեր ազգի ամենամեծ սխալը, ամենամեծ ամոթալի էջը կլինի, եթե մենք չսթափվենք եւ չսկսենք համախմբված ու միասնական գործել: Այն դուխով, որ ԱԺ դահլիճն էիք ջարդում, այ հենց էդ դուխով, եթե զինվորի կողքին կանգնեիք պատկերը լիովին այլ կլիներ: Մենք դեռ պատերազմի մեջ ենք, պահպանե՛ք հանգստություն: Եթե տրվենք քաղաքական սադրանքների մենք ավելի մեծ կորուստների առջեւ կկանգնենք:

Ես հպարտանում եմ մեր բանակով, մեր հերոս զինվորներով, կամավորներով: Ես հպարտանում եմ Երկրապահներով՝ իմ մարտական ընկերներով. շատերս մեր երրորդ պատերազմն անցանք: Փա՛ռք մեր բանակին, կամավորներին, Երկրապահին, Փա՛ռք հայրենիքի համար նահատակված քաջերին, Փա՛ռք հերոսածին մայրերին, Հայ ազգին: Մենք ուժեղ ենք, մենք անպարտ ենք, երբ միասնական ենք: Խնդրում եւ պահանջում եմ, եկե՛ք լինենք միասնական, լինենք մի բռունցք, ամեն ինչ դեռ առջեւում է:

«Տաճարի սյունը, որքան էլ կարծր ու սրբաշատ լինի, առանց ամուր հիմքի չի կարող գմբեթ պահել իր վրա…»,-Սպարապետ Վազգեն Սարգսյան: Եկեք դառնանք մեր պետության ամուր հիմքերն ու հենասյունը: Մեր պատերազմը դեռ չի ավարտվել: Եվ վերջում, կխնդրեի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք եւ շարունակել շենացնել այն: Մենք մեր Արցախ աշխարհը, մեր արցախցուն երբեք մենակ չենք թողել եւ չենք թողնի: Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, Փա՛ռք Արցախի Հանրապետությանը, Փա՛ռք սփյուռքահայությանը»:

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

21 seconds ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

20 minutes ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

35 minutes ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

58 minutes ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

1 hour ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

2 hours ago