Ընդդիմության հանրահավաքները Երևանի փողոցներում ժամանակավորապես դադարեցվել և տեղափոխվել են օնլայն հարթակներ, որտեղ ավելի կոմֆորտ պայմաններ են։ Միանշանակ արդեն ջեռուցվող տներից աշխատելն ավելի ցանկալի է և, ինչպես կասեր Նաիրա Զոհրաբյանը, «ֆեյք ինդուստրիաների» աջակցությունն էլ՝ ավելի հաճելի։
Ամեն դեպքում տհաճ է, երբ քաղաքական նախկին էլիտան ներկայացուցչական կազմով հավաքվում է ի փրկություն համայն հայության, իսկ կենտրոնում սակավաթիվ ընկերներ են, որ «ձեռքը ձեռք է լվում» սկզբունքով հավաքվում են միմյանց ծափահարելու և մի ավել անգամ «Նիկոլ, դավաճան» վանկարկելու։
Ինչպես նաև համացանցային դեբատներում իրականության հետ առճակատումներ չկան, կողքից ամոթանքի խոսքեր ասողներ չկան, միայն իրենք են, իրենց թիմակիցներն ու հավատարիմ ֆեյքերը։ Իսկ տհաճ մեկնաբանությունները կարելի է ձեռքի մի հարվածով ջնջել, օգտատերերին էլ ուղարկել գրողի ծոցը։
Ավելին՝ նպատակային գրոհները կարելի է կազմակերպել մի քանի ուղղություններով։ Ասենք՝ մեղադրել Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ, իշխող խմբակցության անդամներից մի մասին քարկոծել, մյուս մասին՝ կոչ անել չվախենալ հաշվեհարդարներից և միանալ իրենց, աջ ու ձախ վիրավորել ու նսեմացնել «պողոսներին», որոնցից շատերը 45 օր շարունակ մարտնչել են թշնամու դեմ, իսկ վաղը նորից պետք է մասնակցեն ընտրություններին և իրենց ձայնով կառավարություն ձևավորեն…
Տակավին, ժամանակակից պայքարի միջոցները հրաշալի հնարավորություններ են ընձեռում պայքարի ելած «հայրենասերներին», որոնք այդպես էլ չհարմարվեցին փողոցային պայքարի դժվարություններին։
Քրիստինե Հովսեփյան














