

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը: Շահառուներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն: Առաջարկվում է առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում տրամադրել 3.000.000 ՀՀ դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ, իսկ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, հիշեցրել է, որ զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով: «Մենք ամիսներ առաջ այս որոշմանը համարժեք կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար, և հիմա փաստորեն կարգավորում ենք տալիս նաև այս հարցին»,-ասել է վարչապետը:
Հաստատվել է պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը: Միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրվի շահառուներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից համապատասխան մարզպետարաններից հավաքագրված տեղեկատվությամբ նշված ֆինանսական միջոցների չափով: «Մասնավորապես, հիմնականում Սյունիքի մարզում և մի փոքր էլ Գեղարքունիքի մարզում են անշարժ գույքերը վնասվել: Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Գործադիրի հավանությանն է արժանացել նաև ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Հյուրընկալող անձանց կտրամադրվի դրամական օգնություն, ընդ որում` ՀՀ հյուրընկալ ընտանիքին նախատեսվում է տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մշակվում է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակներին. կփոխհատուցվեն նրանց 2020թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձերը: «Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն մենք դե յուրե այդ որոշումը կընդունենք, բայց, ինչպես խոսել ենք, այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր բուհերում պետք է չառաջանա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:
Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ընդունված որոշումները, նշել է, որ այսօր զեկուցվող հարցերը տեղավորվում են նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ: «Եվ նաև չզեկուցվող հարցերի փաթեթում ունենք այդպիսի հարցեր, որոնք ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ են, և այս ուղղությամբ մենք աշխատանքները պիտի շարունակենք»,-ասել է վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է չզեկուցվող հարցերում ներառված երկու կարևորագույն փաթեթներին՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքներին: «Այդ օրինագծերը մեծ ռեֆորմների փաթեթներ են: Դրանք չեն զեկուցվել նիստի ընթացքում, քանի որ քննարկվելու են Ազգային ժողովում, բայց հընթացս անպայման հանրությունը կտեղեկանա բովանդակությանը»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով: Մասնավորապես, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը և Հակակոռուպցիոն ռազմավարությունը, առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Կոմիտեն, որը ստեղծվելու է որպես քննչական մարմին, կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթը։ Նախատեսվում է, որ Կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Այս լիազորությունների ամբողջությունը հնարավորություն է տալու Կոմիտեին իրականացնել կոռուպցիոն հանցագործությունների ամբողջական և արդյունավետ քննություն: Կոմիտեն կազմված է լինելու կառուցվածքային մասնագիտական ստորաբաժանումներից (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներից) և աջակցող ստորաբաժանումներից: Կոմիտեի կազմում գործելու են օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու է մրցութային կարգով: Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավվում է նաև երեք միջազգային փորձագետ։ Որպես միջազգային փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձինք: Միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Խորհրդի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար նիստերը կանցկացվեն բաց. քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել նիստերին: Խորհրդի նիստերը կտեսաձայնագրվեն: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում կհրապարակվի յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…