«Անի Սամսոնյանը երեկ՝ փակ նիստի ժամանակ, հնչած մի միտք է վերագրել ինձ, որը ես չեմ հնչեցրել բացարձակ։ Այսինքն՝ սուտ է խոսել, հետևաբար ես պետք է պատմեմ նիստի բովանդակությունը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է ասվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական Մարիա Կարապետյանը։
Վերջինիս խոսքով՝ երեկ «Լուսավոր հայաստան» խմբակցության առաջարկությամբ ԱԺ-ն ընդունեց ուղերձ, որով բոլոր խմբակցությունները միասին դիմեցին միջազգային տարբեր դերակատարների՝ հայ ռազմագերիների և պահվող անձանց հարցը բարձրացնելով։ Ուղերձը, ըստ էության, նամակ է, որը կարելի է ուղղել նաև առանց նիստ անելու։
«Մենք առաջարկեցինք, որ նիստը փակ կայանա, որպեսզի այդ հարցերի պատասխանները հնարավոր լինի հնչեցնել, քանի որ շատ զգայուն հարցեր են քննարկվում, հաճախ նաև պետք է հաշվի առնել հարազատների զգացմունքներն այս հարցի վերաբերյալ։ Քանի որ, ես ենթադրում եմ, որ հարցի միաձայն ընդունմանը պատրաստ չէր «Լուսավոր Հայաստանը», այսինքն՝ մենք ընդառաջ գնացինք, տեքստի վրա միասին աշխատել էինք և այն դարձել էր ընդունելի մեր խմբակցության համար, գուցե ընդդիմադիր երևալու բարդույթը չհաղթահարելու պատճառով, երեկ առավոտյան ԱԺ նիստը բացվեց սկանդալով՝ նիստի փակ կամ բաց լինելու կապակցությամբ։ Ես ասացի նիստի փակ կամ բաց անցկացման վերաբերյալ աղմուկ, աղաղակ ստեղծելը ընդամենը հերթական անգամ գերիների զգայուն հարցի շուրջ քաղաքական դիվիդենտներ շահելու փորձ է։ Պարոն Մարուքյանը փակ նիստի ժամանակ ինձ ասեց, որ ես չպետք է նման հայտարարություն անեմ, իսկ ես պատասխանեցի, որ եթե իրենք շարունակեն շահարկել հարցը, ապա ես էլ շարունակելու եմ օրինակներ բերել, թե նրանք ինչպես են քաղաքական դիվիդենտներ հավաքում գերիների հարցի շուրջ։ Եվ բերեցի հերթական օրինակը»,- պատմեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ շաբաթներ առաջ սոցիալական մեդիայում սկսեց շահարկվել մի լուր, թե Ադրբեջանի իշխանությունները հայ ռազմագերիներին քայլեցնելու են ռազմական շքերթի ժամանակ, որն ապատեղեկատվություն էր և ծագել էր համացանցի հայկական տիրույթում։
«Ադրբեջանի իշխանություններից կարելի է ակնկալել ցանկացած տիպի ռազմական հանցագործություն, բայց ռազմագերիներին շքերթի ժամանակ ստիպել քայլելը զարհուրելի հանցագործություն է և կարելի է այս մասին փակ նամակի միջոցով տեղեկացնել միջազգային դերակատարներին, այլ ոչ թե այդ մասին հրապարակում անել՝ հաշվի առնելով ռազմագերիների հարազատների զգացմունքները»,- մանրամասնեց Կարապետյանը։
Նա շեշտեց, որ Մարուքյանը հանրայնացրեց խնդիրը, հետո «հերոսաբար» այն լուծեց։ Իսկ երեկ ԼՀԿ ղեկավարը փակ նիստի ժամանակ Մարիա Կարապետյանին անվանել է թրքասեր և ադրբեջանասեր, որը հայտարարությունների ժամին կրկնեց Անի Սամսոնյանը։
Քրիստինե Հովսեփյան