«Ես հրավիրեցի Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու համար՝ Նիկոլ Փաշինյանը հողերը ծախում է, թե ոչ։ Այդ թվում՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին եմ ես հրավիրել, նաև Զոհրաբ Մնացականյանին։ Եվ իրենք ասում էին՝ նման բան չկա, բանակցությունները ընթանում են, մենք բանակցային ֆորմատ ենք ուզում փոխել, ուզում ենք այնպես անել, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան և ամեն ինչ վերահսկողության տակ է։ Դավիթ Տոնոյանն էլ պնդում էր, որ երբ որ ՍՈւ-ն բարձրանում է օդ, կատարում է 4 հատ S-300-ի խնդիր։ Ես, որպես ընդդիմադիր գործիչ, հավատացել եմ 73 տոկոս ձայն ունեցող, լեգիտիմ իշխանության, ազգային իշխանության ներկայացուցիչներին։ Բայց, դրանով հանդերձ, շարունակել եմ պրպտալ, հետաքրքրվել, իմանալ, որ կարո՞ղ է մի բան կա և այլն։ Էստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ ինձ խաբել են, ինձ սուտ են ասել վարչապետը, արտգործնախարարը և էտպես չի եղել։ Կա՛մ, երկրորդ տարբերակ, չեն եղել այնքան կոնպետենտ, որ հասկանան՝ ինչ ա հեսա կատարվելու և ուղղակի վստահ են եղել, որ ամեն ինչ նորմալ է ընթանում։ Երկու տարբերակում էլ մեղքի բաժինը իմը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա շեշտեց՝ ինքը փաստեր չունի, որ հողերը վաճառվել են։ Պատգամավորը ընդգծեց, որ հիմա էլ չունի նման կասկած, որ Հայաստանում ազգային իշխանություն կարող է լինել, որ ազատագրված տարածքները վաճառի։ Դրա համար իրենց ուժն առաջարկում է ստեղծել պարիտետային հանձնաժողով, որը մերժվել է և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն՝ «երկու կողմ կա, որ շահագրգիռ չեն՝ քննենք, տեսնենք ինչ է եղել»։
Քրիստինե Հովսեփյան