ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, 2-ը՝ ձերբակալվել են։
Այս մասին հաղորդագրություն է ներկայացրել քննչական կոմիտեն․
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Արձանագրվել է, որ ձեռքբերվելիք առանձնատները պետք է պիտանի լինեն բնակության համար, որի վերաբերյալ վերոհիշյալ նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի կողմից տրվել է առանց ամսաթվի թվագրման պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դրական կեղծ եզրակացություն, ըստ որի՝ մատակարարված ապրանքը իր տեխնիկական չափորոշիչներով համապատասխանել է գնման ընթացակարգով սահմանված չափորոշիչներին, սակայն ձեռքբերված առանձնատներն ունեցել են վերանորոգման կարիք և պիտանի չեն եղել բնակության համար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. փետրվարի 11-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դրդչության կասկածանքով ձերբակալվել են նաև նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի պետը և կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը:
Նախաքննությունը շարունակվում է: