

…Չհիշեմ՝ անասուն եմ իր առջև, հիշեմ՝ թշնամի: Թշնամուն ոչնչացնում են, անասունը- անասուն է: Բայց թշնամուն նաև հարգում են, որովհետև թշնամին սահման է դնում քո լկտիության շքերթի առաջ: Թշնամին քեզ վերադարձնում է քեզ: Չհիշեմ, չպատմեմ, չխոսեմ, չպատժեմ՝ դավաճանում եմ ինձ, բոլորին և իրեն՝ թշնամուն, թշնամուն՝ իրեն: Չհիշելով, չպատմելով, չպատժելով՝ ես նրա լկտիությունը պատիժ եմ դարձնում բոլորի վրա, և ոչ ոք դրա համար ինձ շնորհակալ չի լինելու, և թշնամին ինքը շնորհակալ չի լինելու:
ԱՅՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է: Այս է իմ հայրենիքը: Հայրենիքը ես եմ: Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ կյանքի գործն է: Չկա այդ գործը՝ չկա այդ ժամանակը՝ չկա այդ հայրենիքը այդ չգո ժամանակի մեջ՝ չկամ ես: Պատմության մկրատը կտրում նետում է հայրենիքների այդ ժամանակները և մեզ էլ՝ այդ ժամանակների հետ, չենք եղել, չկանք: Տիեզերքի խավարը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով. ձեռք ես մեկնում՝ բռնող չկա, ձայն ես տալիս՝ գնում կորչում է ձայնդ, լույս ես նետում՝ ոչինչ չի գտնում լույսդ – ոչ դեմք, ոչ դեպք-
Ախ ի՜նչ գեղեցիկ է, որ իմ լույսերը ողջակիզումի պատկերներ են գտնում հեռու այն ճանապարհներին, ախ ի՜նչ լավ է՝ որ մաքառումի ու հավիտենության անցյալը բնակեցնելու հարկը ես չունեմ: Նրանց օրինակով՝ մեր ժամանակը մենք լցնելու ենք մեր գործով ու ձայնով, մեր ժամանակի վրա մենք մեր երկաթագիրն ենք թողնելու՝ այստեղ ապրել ենք մենք:
1936 թվականի այս օրը՝ փետրվարի 12-ին, Լոռվա Ահնիձոր գյուղում ծնվել է 20-րդ դարի հայ մեծագույն արձակագիրը՝ Հրանտ Մաթևոսյանը:
Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Նրա վիպակների հիման վրա ֆիլմեր նկարահանվեցին՝ «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», ներկայացումներ բեմադրվեցին: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության մեջ, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` «Պետական մրցանակը»:
Հրանտ Մաթևոսյանը այսպես` երրորդ դեմքով շարադրել է իր կենսագրականը: Հրապարակում ենք այն նույնությամբ:
«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է Մենք ենք – մեր սարերը, Բեռնաձիեր (Оранжевый табун, The Orange Herd), Խումհար (Похмелье, Hangover), Տաշքենդ, Աշնան արև (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, Տերը կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ-ի ընտրանին՝ Աշնան արև:
Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք – մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ – կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս – Рассеянный свет – վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու – Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը – կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երևան, ՀՀ»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…