2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո ընդդիմության և հասարակության մի հատված պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հասկանալու համար, թե ժողովրդի քանի տոկոսն է պահանջում վարչապետի հրաժարականը, «Գելափ ինթերնեյշնըլ ասոցացիա»- ի հայաստանյան ներկայացուցչությունը կատարել է հարցումներ, որի արդյունքներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Վերջինիս խոսքով՝ այս հարցման ընթացքում 38,8 տոկոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, 43,6 տոկոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ բնակչության 17,6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցերին։
Փորձագետը նկատեց՝ եթե նոյեմբերի 13-ին՝ առաջին փուլի ընթացքում, միայն 35 տոկոսն էր գտնում, որ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, ապա հիմա ցուցանիշը 8 տոկոսով աճել է։
Արամ Նավասարդյանը հայտնեց նաև, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցների մասով ևս հարցումներ են իրականացվել հանրության շրջանում։ Հասարակության միայն 26 տոկոսն է նշել, որ դիտել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը, իսկ Ռոբերտ Քոչարյանի ելույթը դիտել է հարցման մասնակիցների 35,1 տոկոսը։
Բանախոսը ընդգծեց՝ նախապես տեղեկացված չեն եղել, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը բաղկացած է լինելու երկու մասից, ուստի իրական թվերը կարող են մի փոքր շեղումներ ունենալ։
Քրիստինե Հովսեփյան