Categories: Հայաստան

«Սինգապուրի զարգացման ուղին և կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար և կարող են օգտակար լինել մեր բարեփոխումներում». Վարչապետը հանդիպել է Սինգապուրի գործարար համայնքի ներկայացուցիչներին

Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Հուլիսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները կլոր-սեղան ձևաչափի շրջանակում հանդիպում-քննարկում են ունեցել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը կարևորել է Հայաստանի վարչապետի և կառավարական պատվիրակության հետ հանդիպումը: Նրա խոսքով` այն լավ հնարավորություն է հայ-սինգապուրյան գործարար կապերը զարգացնելու, դրանց նոր շունչ հաղորդելու և համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար: Նա նշել է, որ սինգապուրցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ են ծանոթանալ մեր երկրի ներդրումային հնարավորություններին, քննարկել համագործակցության հեռանկարները: «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև կնքվելիք ազատ առևտրի մասին պայմանագիրը ևս գործուն հնարավորություն է բիզնես կապերի ակտիվացման համար, և Հայաստանը կարևոր հարթակ կարող է լինել երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամում և քննարկել տնտեսական կապերի զարգացման հարցեր: «Մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով եմ` այս այցից հետո դրանք էլ ավելի կամրապնդվեն, կակտիվանա նաև տնտեսական համագործակցությունը: Հայաստանը գտնվում է տնտեսական փոխակերպման գործընթացում, և մենք շարունակական աշխատում ենք տնտեսական աճի, գործարարությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ», – նշել է ՀՀ վարչապետը:Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումներին` խոսելով հարկային և մաքսային ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, նաև դատական համակարգի բարեփոխումների մասին, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքների ստեղծմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, քաղաքական արմատական փոփոխությունները տնտեսական ցնցումներ չեն առաջացրել, բանկային համակարգը շարունակել է կայուն աշխատել, չի արձանագրվել սեփականության վերաբաշխման որևէ դեպք, ինչը պայմանավորված էր այդ իրադարձությունների ոչ բռնի և խաղաղ բնույթով: Կառավարության ղեկավարը ներկայացրել է վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները` նշելով, որ դրանք շարունակական աճ են արձանագրում և անդրադարձել այն ոլորտներին, որտեղ համագործակցության ներուժ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, օդային հաղորդակցություն, զբոսաշրջություն, այդ թվում` էկո-, գաստրոտուրիզմ, սննդարդյունաբերություն, օդային հաղորդակցություն, ենթակառուցվածքներ և այլն: «Սինգապուրի զարգացման ուղին և կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար և կարող են օգտակար լինել մեր հետագա բարեփոխումների գործընթացում: Շահագրգռված ենք փորձի փոխանակմամբ և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ», – հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժը, զարգացման միտումները, թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները և համագործակցության հնարավորությունները, իսկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում առկա ներուժը և փոխգործակցության համար հեռանկարային ուղղությունները:

«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը` մանրամասն տեղեկատվություն ներդրումային հնարավորությունների մասին ներկայացնելու համար և նշել, որ հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում. առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան և ծանոթանալ այդ հնարավորություններին: Հանդիպմանը մասնակցում էին վերամշակող արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացած ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր Հայաստան և Սինգապուր` տեղում ներդրումային և համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ամենամյա համաժողովը և հրավիրել Սինգապուրի ՏՏ ոլորտի ձեռնարկություններին` մասնակցելու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այդ կարևոր միջոցառմանը: «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ տեղեկատվությունը և հրավերը կփոխանցի Սինգապուրի համապատասխան ասոցիացիայի ղեկավարությանը:

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

7 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

8 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

11 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

11 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago