Սյունիքի դեպքերը ոչ սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու գաղափարի կողմնակիցների մոտ հույսեր են առաջացրել, ուստի առաջիկա օրերին ներքաղաքական վիճակը կշարունակի մնալ կայուն լարված։
Մարզում տեղի ունեցածը ընդդիմադիր հայտնի շրջանակները, իհարկե, համարում են ինքնաբուխ բողոքի ակցիա՝ ընդդեմ իշխանությունների, որ չուներ կազմակերպիչներ ու սադրիչներ։ Միաժամանակ, չեն թաքցնում՝ սատարում են խուլիգանության մեջ կասկածվող սյունեցիներին, նրանց կողքին են, չեն դատապարտում, նույնիսկ միանում են հայհոյանքներին և պատրաստ են ավելի հեռու գնալուն, ինչին ականատես եղանք երեկ ուշ երեկոյան։
Դիցուք՝ ինտելեկտուալներ Շարմազանովը, Աշոտյանը, ՀՅԴ առաջատարները կրկին ստացան հնարավորություն ցփնելու էն ողջ մաղձը, որ կուտակվել էր 2018-ի հեղափոխության օրերին և անցան հակահարձակման՝ թիրախավորելով իշխանություններին՝ կետ առ կետ թվարկելով վերջինների բոլոր սխալները։
«Լավ, կարելի՞ ա էտքան էշի տեղ դնել հայ բնակչությանը»,- հռետորական հարց հնչեցրեց Էդուարդ Շարմազանովը՝ մատնանշելով մի շարք գործոններ, որոնք վկայում են վտանգված Սյունիքի և ծածուկ ընթացող գործընթացների մասին։
Իսկ «արեք, ինչ ուզում եք» հրահանգից հետո իրենց էլիտա համարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները մոռացան տեսախցիկների առկայության մասին և դիվական ուժով հարձակվեցին ոստիկանների վրա՝ տուրք տալով ոչ մարդկային բնազդներին։ Պարզվեց, որ անհրաժեշտության դեպքում ձուն էլ թանկ չէ և բավականաչափ է դատախազության շենքը «ձվակոծելու» համար։
Չենք կարող մոռանալ և չհիշատակել այն, որ ընդդիմադիր կեցվածքով փափկասուն կանայք ևս տիրապետում են ձայնային հզոր տվյալների և հայտնի-անհայտ հայհոյանքների ողջ արսենալին։ Եվ պատեհ պահին կարող են մոռանալ բարեվարքության բոլոր կանոնները և անկասելի գրոհով տապալել ոստիկանական պատը։ Ինչպես ասում են՝ պատրաստ են իրենց խնամված եղունգներով կառչել ցանկացած հնարավորությունից, միայն թե հասնեն ցանկալիին։
Այդուամենայնիվ, տեսարանը ոչ միայն էմոցիոնալ էր, այլ նաև զարհուրեցնող, քանզի շարքային քաղաքացին լավագունս ընկալեց, թե ովքեր են փրկելու ազգս կործանումից։