«Երբ մենք ասում ենք՝ Հայաստանն ունի ապագա, ի՞նչ նկատի ունենք, ինչպիսի՞ն պետք է լինի ապագան»: Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ Հայաստանում ապագա կարելի է ստեղծել աշխատանքով, կրթությամբ, տնտեսությամբ. «Եվ մենք ամեն բան կանենք: Առաջիկա ընտրություններին ՔՊ-ն կներկայանա «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով»:
Փաշինյանի խոսքով՝ վերջերս եկել են մի եզրակացության, որ Հայաստանն էականորեն զարգացել է իր պատմության այն ժամանակահատվածում, երբ երկիրը որոշակիորեն ապաշրջափակված է եղել։
«Այդպիսին է հենց Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը, որտեղ, ըստ էության, այնպիսի տնտեսական թռիչքային աճ ենք ունեցել, որը հիմա նույնիսկ շատ դժվար է պատկերացնել։ Մեր հակառակորդները նույնպես սա արձանագրել են և ռազմավարական խնդիր են դրել՝ շրջափակման մեջ պահել Հայաստանը, մեկուսացնել և ինչ-որ առումով կարողացել են այդ խնդիրը լուծել։
Չնայած այս օրակարգը իմանալով՝ ՀՀ-ն մինչև հիմա Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող պատշաճ ճանապարհ չունի: Բայց մենք կարծում ենք, որ մեզ համար գերակա խնդիր պետք է լինի կոմունիկացիոն ուղիների բացումը, Հայաստանի ապաշրջափակումը: Հիմա ընթանում են քննարկումներ այդ թեմայով: Կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակայունացնող դիրքորոշում ունենալ և տարբեր հայտարարություններով մեր հանրության շրջանում անհեթեթ վախեր սերմանի, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ իշխանության ռազմավարական ուղղությունը Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումն է, որում անկյունաքարային նշանակություն ունեն հայ-ռուսական համատեղ զորախումբը և հակաօդային պաշտպանության համակարգը:
«Որպես այս գործընթացի շարունակություն պետք է լրջորեն վերափոխենք մեր բանակը և ռազմավարական հեռանկարում ունենանք պրոֆեսիոնալ բանակ: Խնդիրը, որ մեր առաջ դնում ենք, նաև ժողովրդագրական վիճակի էական փոփոխությունն է, կրթության որակի էական փոփոխությունն է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: