Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյան. Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր հայտարարություն է տարածել. այն ներկայացնում ենք ստորև:

Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում հանրությանը ներկայացնել նաև այդ հայտարարության տեքստը:

ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունը  

Նկատի ունենալով՝

• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,

• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,

• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,

• ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը,

• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,

Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։

Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։

Երկրի քաղաքական կյանքում անձամբ մեր երկուսի ապագա դերակատարությունը պատկերացնում ենք բացառապես միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում։  

Լևոն Տեր-Պետրոսյան

Սերժ Սարգսյան Երևան,

1 մայիսի 2021թ.

Թե՛ եռակողմ, թե՛ երկկողմ հայտարարությունների գաղտնազերծմամբ ես հետապնդում էի ընդամենը մեկ նպատակ. այն է՝ հասարակական ճնշում բանեցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա, իմ պատկերացրած դաշինքի իրականանալիությունը դեռևս բացառված չհամարելով: Դատելով իմ նախորդ հրապարակման արձագանքներից, ես համարում եմ, որ մասամբ հասել եմ իմ նպատակին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, մտավորականներ, որոնք երբեք իմ համակիրը չեն եղել, ողջունել են այս նախաձեռնությունը: Վստահ եմ, որ նույնպիսի արձագանքի կարժանանա նաև այս հրապարակումը:

Անկարևոր չեմ համարում ուշադրություն հրավիրել նաև մի ուրախալի երևույթի վրա: Առաջին անգամ մեր երկրում մենք ականատես ենք դառնում իրական քաղաքական բանավեճի, ինչին ինձ չհաջողվեց հասնել 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի պարագայում:

Ինչ ուզում է ասեն, փաշինյանական հանցավոր և ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ: Այլապես մեզ սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը Հայաստանի և Արցախի համար կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը:

Վերջում, ուզում եմ արձագանքել իմ հասցեին հնչող մի բարոյական կշտամբանքի, թե ես, գաղտնազերծելով նման փաստաթղթեր, խախտել եմ խորհրդապահության պայմանը: Հայտնում եմ, որ նախ՝ չհրապարակելու պայմանավորվածություն չի եղել, և երկրորդ՝ որպես սկզբունք, ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել:

Պարտք եմ համարում նաև տեղեկացնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

7 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago