Մայիսի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
Հեռախոսազրույցի առանցքային թեման եղել է Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունը և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այս ուղղությամբ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:
Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։














