Քաղաքական ուժերի համար սեփական տեսակետը արտահայտելու և հիմնավորելու ամենածանրակշիռ միջոցը քաղաքական բանավեճն է։ Վերջինս քաղաքական հաղորդակցության ամենաթափանցիկ և էֆեկտիվ մեթոդն է, որի շնորհիվ կողմերը կարող են թե՛ բարձրաձայնել իրենց կարծիքը, և թե՛ վեր հանել օպոնենտի թերացումները։
Վերջերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր հասցեին հնչեցված քննադատական խոսքերին ի պատասխան՝ քննադատության հեղինակներին ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, հրավիրեց քաղաքական բանավեճի։ Թվում էր՝ այդ բանավեճն արմատական դիրքավորում կսահմանի փոխադարձ մեղադրանքներ հնչեցնող կողմերի համար, և ակնհայտ կդարձնի ազգային ճակատագրի վրա ազդեցություն ունեցած պատմական իրադարձություններում նրանցից յուրաքանչյուրի դերի և մեղքի չափաբաժինը՝ մեկընդմիշտ վերջ տալով «հայրենիքի դավաճան» եզրույթի հասցեատիրոջ որոնմանը։
Թվում էր՝ առաջին և երկրորդ նախագահների համար, որոնք տարբեր ելույթներում առերևույթ այնքան հիմնավոր էին մեղադրում Փաշինյանին, բանավեճի ֆորմատը երանելի պիտի լիներ։
Ի հակադրություն սպասելիքների՝ նախագահները մերժեցին առաջարկը։
Բանավեճից հրաժարվելը բացասական անդրադարձավ միայն Փաշինյանին քննադատողների վրա։ Հեռակա մեղադրանքների և քննադատությունների փոխարեն վերջիններս իրենց բոլոր պահանջներն ու առարկությունները կարող էին ուղիղ հնչեցնել Փաշինյանին և լսարանին թույլ տալ ընտրել, թե ի՞նչն էր ավելի ուժեղ՝ մեղադրա՞նքը, թե՞ հակափաստարկը։ Սակայն Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկը մերժելու փաստն այլ վարկած չի թողնում, քան այդ բանավեճում լիարժեք ջախջախվելու հեռանկարը։
Քոչարյանի թիմի կողմից հրավերի մերժման հիմնավորումը, թե «Հողեր ազատագրած նախագահը չի կարող բանավիճել հողեր հանձնողի հետ»՝ չափազանց անհիմն է, քանզի, եթե, ինչպես իրենք են պնդում՝ «հողատու» վարչապետը ակնհայտորեն կպարտվեր «հող ազատագևած» նախագահին, նշանակում է՝ բանավեճը մերժելու հիմնավոր պատճառ չկար։ Վերջիններիս կողմից հնչեցված «հող ազատագրած նախագահ» ձևակերպումը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը, քանի որ Քոչարյանը, լինելով ՀՀ կամ ԼՂՀ նախագահ, պաշտոնավարության օրերին ոչ մի տարածք չի ազատագրել, ընդհակառակը՝ հենց նա էր ակտիվորեն քննարկում Մեղրիի հանձնումը Ադրբեջանին։ Բանավեճից հրաժարվելը ակնհայտորեն ջախջախումն է Քոչարյանի շուրջ անսխալ և ուժեղ լիդերի կերպարի, չէ՞ որ բոլոր հարցերի պատասխանները ունեցող ղեկավարը կարող էր հանրայնորեն ոչնչացնել Փաշինյանին և հաղթած դուրս գալ այս իրավիճակից։ Բանավեճի մերժումը խոսում է այն մասին, որ Քոչարյանը վստահ է սեփական պարտության մեջ և ակնհայտորեն խուսափում է նախընտրական շրջանում գլխավոր մրցակցի հետ առճակատումից, որը վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ վարկանիշի անդառնալի անկման վրա։
Ավելի տարօրինակ էր աաջին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից հրավերի մերժումը։ Լինելով քաղաքական մշակույթի էտալոն և Հայաստանում այդ մշակույթի եզակի կրողներից մեկը՝ իր խոսնակի կողմից մերժումը՝ «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի» պատճառաբանությամբ, դուրս էր մնում բոլոր տրամաբանական շրջանակներից։ Բանավեճի ընթացքում Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հետ չէր խոսելու, այլ վարելու էր քաղաքական բանավեճ, որը հաղորդակցության ամենացիվիլ ձևն է։ Ընդ որում՝ այդ մերժումը հնչում է առաջին նախագահի կողմից, ով ասել էր, որ ոչ մի խնդիր չունի անգամ այն քաղաքական գործիչների հետ, ում հետ իրար «հոշոտել» էին։
Այս իրավիճակի վերջնական հանգուցալուծման հաղթողը դուրս եկավ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը, ով, գիտակցելով նախնտրական շրջանում քաղաքական բանավեճի վտանգները, գնաց այդ ռիսկին։ Բանավեճի առաջարկը մերժելը մեկընդմիշտ զրոյացրեց ընդդիմության մեղադրանքների կշիռը՝ նրանց ելույթները անհիմն դատարկաբանություններից չդարձնելով հիմնավոր քաղաքական ձևակերպումներ։
Բագրատ Վարդանյան