«Այո, ես կարծում եմ, որ նա հաղթել է»: ՀՀ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը BBC֊ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այսպես է արձագանքել կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի մասին հարցին: Միաժամանակ նշել, որ այդ հաղթանակի հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջացել, իսկ ընդդիմախոսները պարտվել են՝ սեփական սխալ հաշվարկների պատճառով:
«Մենք մշտապես ասում էինք, որ երկրում, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, որի մի մասն օկուպացված է հարևանի կողմից, երկրում, որի բազմաթիվ զինվորներ ու սպաներ դեռ գտնվում են գերության մեջ, որը դեռ հողին չի հանձնել զոհված զինվորների բոլոր աճյունները, ընդհանրապես ընտրություններ անցկացնելը ճիշտ չէ: Սակայն, ցավոք, այս հարցում ընդդիմությունն ընդհանուր հայտարարի չեկավ, և շատերը` իրենց անձնական պատկերացումներից ելնելով, որոշեցին գնալ ընտրությունների», – ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ իրենք պարտադրված են եղել մասնակցել: