Ալիևի արտաքին կապերի պաշտոնյան Chatham House-ում պատմել է, թե ինչ են ակնկալում Ղարաբաղի հարցում

Հուլիսի 11-ին Լոնդոնում՝ Chatham House-ում հյուրընկալվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը և պատասխանել քննարկման մասնակիցների հարցերին։ Commonspace.eu կայքը դրվագներ է ներկայացրել քննարկման «օն դը ռեկորդ» մասից։

Հաջիևը վրդովմունք է հայտնել Հայաստանի իշխանությունների վարքագծի շուրջ։ Ըստ նրա, Բաքուն հույս ուներ, որ Փաշինյանի իշխանության գալը փոխելու է խաղի կանոնները, սակայն փոխարենը ականատես է լինում «մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ» գործընթացի:

Նա պնդել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև լուրջ խնդիրներ չկան և երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրել է «ռոմանտիկ»: Հաջիևը լավատես է Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ։ Ըստ նրա՝ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները առաջընթաց են գրանցում, և երեք գլուխներից երկուսն արդեն համաձայնեցվել են, իսկ երրորդ գլխում ընդամենը մի քանի հարց է մնացել։

Ադրբեջանի արտաքին քաղաքական հիմնական երեք նպատակներն են` ամրապնդել երկրի անկախությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը և իրականացնել տարածաշրջանային համագործակցությունը, որոնք այն հետապնդում է, իր բնութագրմամբ, երեք գործիքների միջոցով՝ էներգետիկ դիվանագիտություն, տրանսպորտային դիվանագիտություն և good-offices դիվանագիտություն (ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղությամբ երրորդ կողմերին հօգուտ իրենց ներգրավելու դիվանագիտական գործիքներ):

«Ղարաբաղը Ադրբեջանի համար ևս գոյաբանական խնդիր է»

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Հաջիևը նշել է, որ Դուշանբեում նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ոչ պաշտոնական հանդիպումը դրել է հրադադարի ամրապնդման, թեժ գծերի ստեղծման և էական ու կառուցողական բանակցությունների սկիզբը: Փարիզում արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «ժողովուրդներին պատրաստել խաղաղության»: Այնուամենայնիվ, ըստ նրա, այդ ժամանակից ի վեր «Հայաստանը ոչ կառուցողական մոտեցում է ունեցել, և դա շարունակվել է Դավոսում, Վիեննայում և Վաշինգտոնում կայացած այլ հանդիպումների ժամանակ»։ Հաջիևի խոսքով, վերադարձ է նկատվում Սարգսյան/Նալբանդյան բանակցային ոճին:

Ըստ Հաջիևի, Բաքուն հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կփոխեր խաղի կանոնները։ Փոխարենը, նրանք ականատեսն են «մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ» գործընթացի: Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը խաղում էին «լավ ոստիկան, վատ ոստիկան» խաղը, մինչդեռ Փաշինյանը, ըստ նրա, մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ բան։

Chatham House-ի փորձագետ Լոուրենս Բրոերսի հարցին ի պատասխան, Հաջիևը նշել է, որ Հայաստանը փորձում է հնարավորինս ձգձգել բանակցային գործընթացը՝ գեղեցիկ, բայց ոչ բովանդակային խոսքերով՝ միաժամանակ փորձելով շփման գիծը վերածել սահմանի։ Ադրբեջանը պնդում էր, որ պետք է հիմնարար բանակցություններ լինեն, որոնք կներառեն հայկական զորքերի դուրսբերման և տարածքների վերադարձման մասին քննարկումներ: Ըստ Հաջիևի՝ դրան զուգահեռ կարող են լուծվել Հայաստանի անվտանգության մտահոգությունները։ Ադրբեջանը պատրաստ է դրան, բայց հայկական կողմը շարունակում է բարձրացնել արհեստական հարցեր` խուսափելու հիմնարար հարցերի շուրջ քննարկումներից:

Նյութը թարգմանաբար՝ civilnet.am

editors

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

20 minutes ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

17 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

18 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

20 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

21 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

21 hours ago