Կառավարությունը վերջին նիստում փոփոխություններ է կատարել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերում՝ պարզեցնելով դրա իրականացման ընթացակարգերն ու պայմանները: Փոփոխությունները միտված են ընդլայնելու շահառուների շրջանակը:
Փոփոխություններից մեկով բարձրացվում է շահառուի տարիքային շեմը. եթե նախկինում 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր, ապա այժմ այդ տարիքային շեմը բարձրացվել է մինչև 30: Այդ դեպքում աջակցության չափը կազմում է վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսը՝ մարզերում, և 35 տոկոսը՝ Երևան քաղաքում:
ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը մանրամասներ է հայտնել ծրագրի մասին 1lurer.am-ի հետ զրույցում։
«Քանի որ ծրագիրը 1 տարի է, ինչ գործում է, մենք հնարավորություն ունեցանք վերլուծություններ կատարել: Արդյունքում հասկացանք, որ ծրագրի շրջանակներում մինչ այսօր չենք ունեցել շահառու, որը կունենա 3 և ավելի երեխա, բայց տարիքը չի գերազանցի 25-ը: Հաշվի առնելով, որ ծրագրի այս դրույթը կենսունակ չէ, որոշվեց տարիքային շեմը բարձրացնել»,- ասաց Ղարագյոզյանը: