Վերքաննիչ դատարանն այսօր մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Նա կշարունակի մնալ կալանքի տակ։
«Դատարանը մերժեց մեր կողմից ներկայացրած բողոքները։ Ժպիտով ենք վերաբերվում այս իրողությանը, ինչո՞ւ, որովհետև մենք չենք պարտվել, պարտվել է դատավոր Մնացական Հարությունյանը, և մեկ անգամ ընդգծեմ՝ Առուշ Առուշանյանը գտնվելու է ազատության մեջ», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա հայտարարեց, որ վճռաբեկ բողոք կներկայացնեն որոշման դեմ։
«Վճռաբեկից ևս հույսեր չունենք, ուղղակի կսպառենք նաև Վճռաբեկ դատարան դիմելու ընթացակարգը, որից հետո, միանշանակ, դիմելու ենք Եվրոպական դատարան, որովհետև այս կալանավորման որոշումները որևէ աղերս չունեն իրավաբանության հետ»։