Ինչպես 2020 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Այդ բողոքների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով համակարգային են, անթույլատրելի պրակտիկան՝ շարունակական:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Քրեական հետապնդման մարմնի և դատարանի՝ կալանավորված անձի տեսակցություններն արգելող որոշումները ոչ միշտ են բավարար պատճառաբանված:
Մեծամասամբ վարույթն իրականացնողը բավարարվում է օրենսդրական նորմերի վկայակոչմամբ, և առհասարակ չի կատարվում համադրում գործի փաստական հանգամանքների, գործով ձեռք բերված փաստական տվյալների հետ:
Ինչ վերաբերում է կայացված որոշման վերանայմանը, ապա որոշ դեպքերում կա՛մ դա անհարկի ձգձգվում է կամ ընդհանրապես չի քննարկվում սահմանափակման շարունակական կիրառման անհրաժեշտության հարցը: Նման պայմաններում սահմանափակումը հաճախ կիրառվում է ինքնանպատակ, առանց իրավաչափ շահի հետապնդման, ավելին, ունենում է կալանավորված անձին հոգեճնշելու, նրանից քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու միտում: Ստացվում է, որ անձին ազատությունից զրկելուց զատ, նրան պատճառվում են լրացուցիչ զրկանքներ՝ ընտանիքի հետ կապը սահմանափակելու ձևով:
Օրինակ՝ բողոքներից մեկով կալանավորած կինը զրկվել է անչափահաս երկու երեխաներին տեսնելու կամ նրա հետ խոսելու հնարավորությունից և չեն ներկայացվել պատշաճ հիմնավորումներ։
Գործերից մեկով սահմանվել և շուրջ վեց ամիս արգելանք է կիրառվել կալանավորված անձի տեսակցությունների և հեռախոսազանգերի նկատմամբ (ներառյալ՝ զավակների): Ընդ որում, չի վերացվել նաև պաշտոնական հաղորդակցության արդյունքում:
Քրեական գործը քննող քննիչները, դատախազները, դատավորները արգելանքի անհրաժեշտությունը հաճախ են արդարացնում իրավաչափ շահով՝ ցուցաբերելով ձևական մոտեցում և այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչ փաստական տվյալների արդյունքում է հետևություն արվել, որ անձն, օգտվելով տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների իրավունքից, կխոչընդոտի գործով օբյեկտիվ քննություն կատարելուն: Այս համատեքստում հատկապես պարզ չէ, թե օրինակ՝ մանկահասակ երեխաները ինչ առնչություն ունեն անձին մեղսագրվող արարքի հետ, նրանց տեսակցությունները կամ հեռախոսային խոսակցություններն ինչպես կարող են խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը:
Հարկ է նկատել, որ գործնականում տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելվում են միաժամանակ: Սովորաբար, նախ, վերացվում է տեսակցությունների արգելքը, իսկ հեռախոսային խոսակցությունների արգելքը ևս որոշ ժամանակահատված շարունակվում է պահպանվել: Նման մոտեցումը վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանում է հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մեխանիզմի բացակայությամբ:
Մասնավորապես, ըստ քննչական մարմինների, հեռախոսազանգերի դեպքում չկա որևէ գործիքակազմ պարզելու համար, թե իրականում ում հետ է կալանավորված անձը խոսում: Այս առումով անվիճելի է, որ ինչպես թերի իրավակարգավորումները, այնպես էլ անձի վարքագծի իրավաչափության վերահսկողության մեխանիզմների բացակայությունը չի կարող հանգեցնել անազատության մեջ գտնվող անձի իրավունքի ոչ համաչափ սահմանափակմանը: Ուստի հարցի լուծման համար չպետք է իրավիճակային լուծում առաջարկել մարդու իրավունքի սահմանափակման տեսանկյունից: Համակարգային լուծման համար անհրաժեշտ են այլընտրանքային մոտեցումներ:
Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի երկու տարբեր, ինքնուրույն միջոցներ են, ուստի ամեն դեպքում պետք է քննարկվի դրանցից յուրաքանչյուրի սահմանափակման անհրաժեշտության հարցը. ոչ մի դեպքում չպետք է մեկի սահմանափակումն ինքնին հանգեցնի մյուսի սահմանափակմանը:
Արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու և մերձավոր ազգականների հետ տեսակցելու իրավունքի իրացման օրենսդրական և գործնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրավակիրառ պրակտիկայում առաջ եկող խնդիրներն, ի թիվս այլնի, նաև օրենսդրական թերի և ոչ հստակ կարգավորումների արդյունք են:
ՀՀ օրենսդրությունն այս առումով թեև բովանդակում է որոշակի կարգավորումներ, այնուհանդերձ դրանք բավարար չեն իրավունքի իրական երաշխավորման համար:
Ցանկացած պարագայում՝
- ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող լինել ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք: Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ և անհատականացված հիմնավորում․
- տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից պետք է առանձնացնել ազատությունից զրկվածի ընտանիքի անդամներին կամ մերձավոր ազգականներին ու նրանց հետ տեսակցելու իրավունքը սահմանափակելու հնարավորության համար նախատեսել ավելի խիստ պահանջներ.
- ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի կամ կալանավորվածի տեսակցության իրավունքը սահմանափակելու լիազորությամբ չպետք է օժտված քննիչը․
- այս իրավունքը սահմանափակող որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- դրանք պետք է անհապաղ հանձնվեն կալանավորվածին և/կամ նրա փաստաբանին՝ բողոքարկման իրավական հնարավորությունից լիարժեք օգտվելու նպատակով,
- ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքը սահմանափակող որոշումը պետք է պարբերաբար վերանայվի՝ անկախ ազատությունից զրկված անձի ցանկությունից կամ վերաբերմունքից:
Վերոնշյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ: Դեռ 2018 թվականին, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, ներկայացրել է նախարարություն։ Հետագայում բազմիցս քննարկվել է Ազգային ժողովի Պետական-իրավական, ինչպես նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում։
Մինչև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կազմում օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, անհրաժեշտ է պրակտիկան զարգացնել այն ուղղությամբ, որ վարույթն իրականացնողի կողմից կայացված յուրաքանչյուր որոշմամբ հստակ ամրագրվի անձանց շրջանակ, որոնց հետ արգելվում են կալանավորված անձանց տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունները: Միաժամանակ, անհրաժեշտ է պարբերաբար վերանայել որոշումն ու արգելքի անհրաժեշտության վերացման դեպքում վերացնել կայացված որոշումը»,-ասված է գրառման մեջ: