Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Կորչոկի այցը Հայաստան և կարևորել Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սլովակիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերվում։
Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ նախորդ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին:
Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:














