Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին, որին տեղում կամ հեռավար ձևաչափով մասնակցել են երկու կազմակերպությունների անդամ-պետությունների ղեկավարները: Նիստի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:

Իր ելույթի սկզբում վարչապետ Փաշինյանը ողջունել է պետությունների և պատվիրակությունների ղեկավարներին և նշել. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլոր ներկաներին Շանհայի համագործակցության կազմակերպության 20- ամյակի կապակցությամբ:

Անցած տարիների ընթացքում ՇՀԿ-ն կայացավ որպես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ոլորտում փոխգործակցության կարևոր հարթակ:

Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տաջիկստանի նախագահին՝ մեծարգո Էմոմալի Ռահմոնին, ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպման կազմակերպման համար:

Մեր հանդիպումը տեղի է ունենում ժամանակահատվածում, երբ Աֆղանստանում արմատական փոփոխությունները երկրում բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել: Նրանց բնույթը զգալի ազդեցություն ունի ոչ միայն երկրում և տարածաշրջանում զարգացումների, այլև ամբողջ աշխարհում իրավիճակի և իրադարձությունների հետագա զարգացման վրա:

Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում և նրա շուրջ զարգացումներին:

Ռազմական գործողությունների ավարտի, պետական պաշտոնյաների համընդհանուր համաներման, ներառական կոալիցիոն կառավարություն ստեղծելու մտադրությունների, իսլամական իրավական համակարգում կանանց իրավունքների հարգման և երկրում թմրամիջոցների արտադրությունն արմատախիլ անելու ցանկության մասին նախնական փուլում արված հայտարարությունները լավատեսությամբ ընդունվեցին միջազգային հանրության կողմից: Նման միջոցառումների արագ և լիարժեք իրականացումը կնպաստեր երկրում խաղաղության, կարգուկանոնի և կայունության հաստատմանը:

Սակայն ստիպված ենք արձանագրել, որ այս փուլում այդ մտադրությունները դեռևս կոնկրետ արտացոլում չեն գտել թալիբների ձեռնարկած քայլերում:

Վստահ ենք, որ Աֆղանստանում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման երաշխիքն արդար քաղաքական գործընթացն է` բոլոր աֆղանցիների ներգրավմամբ և երկրում բոլոր էթնիկ և կրոնական համայնքների ներկայացվածությամբ:

Դրա համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վերահաստատեն իրենց` տարաձայնությունները բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը:

Որպես ՀԱՊԿ անդամ երկիր, մենք ցանկանում էինք, որպեսզի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծում՝ հավաքական անվտանգության բոլոր շրջաններում խաղաղությունն ու հանգստությունը տիրեր:

Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ: Պատեհ պահին համարժեք արձագանքի բացակայության դեպքում դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա արմատականացմանը և ահաբեկչական ցանցերի՝ հարևան երկրներ և հատկապես հակամարտության գոտիներ ներթափանցմանը:

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով: Հատկապես անընդունելի է առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար:

Այս առումով ավելի սերտ երկխոսության և փոխգործակցության կոչ ենք անում, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մակարդակով՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև մեր Կազմակերպության գործող մեխանիզմների շրջանակներում ահաբեկչության սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ արդյունավետ համատեղ գործողությունների իրականացման նպատակով:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

1 hour ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

6 hours ago