Վա Պուկչուկո Սյունե Սևադա

ԵՐԵՎԱՆի խնդրանքով արձակագիր Սյունե Սևադան նոր պատմվածք է գրել կինոյով ապրող ու փառատոնային փառքի մասին երազող արեշցի Վաղինակի մասին։

Վաղոյից ռեժիսոր դժվար դուրս գա. Պուկչուկյան Վաղինակ անուն ազգանունով ի՞նչ ռեժիսոր: Չնայած եթե բախտը բերի, գործերը լավ գնան, ու ֆիլմերը դուրս գան արտաքին շուկա, կեղծանուն կվերցնի, օրինակ, Վա Պուկչուկո, և ինքը՝ մետաքսե կարճլիկ, կարմիր շարֆով վիզը փակած, մազերը հետ սանրած, ծխամորճը ձեռքին, արտասահմանյան հեռուստաընկերությամբ հարցազրույց տալիս կփորձի հնարավորինս անսովոր բաներ խոսել: Օրինակ, կասի, որ իրեն ոգեշնչում են բադերը և ոսկեգույն հողաթափերը, և հետագայում պլանավորում է իր ֆիլմերից մեկում գլխավոր հերոս կարգել ոսկեգույն հողաթափերով բադի, որը կխորհրդանշի կեղծ բարքերի մերժումն ու սոցիալիստական կարգերի տապալումը: Հաղորդավարը հիացած դեմքով կնայի վրան, կադրից անդին նստած հանդիսատեսը կծափահարի, և միայն Արեշի իր տանը նստած կոշկակար Ռադիկը նյարդային կտրորի վզակոթը, որովհետև հենց նոր Վաղոյին գրազ պարտվեց. ո՞վ կմտածեր, որ նա իսկապես կգնա ու բադ-հողաթափերից կխոսի:
Բայց Վա Պուկչուկո դառնալուն դեռ շատ կա: Հիմա ինքը արեշցի Վաղոն է, ռեժիսոր, որը սիրում է նկարել բաց դաշտեր. եղանակ չի փոխում՝ ինչ եղանակ է, ու զրուցել գազալցակայանի աշխա-տակիցների հետ: Ավարտական ֆիլմն էլ էդպես նկարեց. հասկերով արտում տրամադրությունը կերած գազալցակայանի աշխատողին նստեցրեց գույնը քերած փայտե աթոռին, մայրամուտի ֆոնին, խնդրեց ներկայացնել Իրանի շուրջ ծավալված տնտեսական էմբարգոյի և աշխարհքաղա-քական հարակից զարգացումների մասին իր կարծիքը: Տղամարդը երկար քորում էր ճաքճքած այտը, վերջում հոգոց հանեց՝ էրեխատեր մարդ եմ, տենց բաներ չեմ հասկանում, կլինի՞ բենզինի որակի փչանալուց պատմեմ:

Ֆիլմը բարձր գնահատեցին: Դասախոսներից մեկը նկատեց, որ գույնը քերած աթոռի մեջ տխուր սիմվոլիզմ կա. այն ասես Հայաստանն է՝ դեռ մաշված, տեղ-տեղ լավատես-գունավոր, բայց դեռ ամբողջական դեմք չունեցող: Բենզալցակայանի աշխատողը հայ ռամիկն է՝ իր դարդով ու ցավով, և արևին մեջքով ենք նստած՝ ասես նկատի ունենք, որ մերժում ենք նորը, լավը, մնում ենք աշխարհին անհաղորդ: Վաղոն ափսոսաց, որ աթոռի կողքին չէր կապել ոսկեգույն հողաթափերով բադին, որը խորհրդանշում է կեղծ բարքերի մերժ…մի խոսքով: Ներսի Վա Պուկչուկոն բավարարված էր՝ ինչպիսի՜ ընկալում ու մեկնաբանություն մասնագետի կողմից, ինչպիսի՜ թեմատիկ անցումներ և բարդ համակցումներ, բրա՛վո, բրա՜վո: Արեշցի Վաղոն անտարբեր էր. կրակայրիչը տանն էր թողել: Հետո էլ, ինքը հո գիտի, որ բենզալցակայանն ուղղակի մոտ է քաղաք տանող ճանապարհին, ինչ հարմար էր՝ դա էլ նկարել են, առանց հատուկ իմաստների՝ ժամանակ չունեին: Ու թող ոչ մեկը նրան չմեղադրի, որովհետև նախ՝ բարձր գնահատական ստացավ, հետո՝ բոլոր ֆիլմերը նկարվում են ըստ հարմարության: Մեկը վախեր ունի՝ նկարում է վախերը, որ հարմար լինի դրանք իրենից հեռացնել, մյուսը սիրում է կանանց՝ կոր, փամփլիկ կոնքեր տեսնելու ևս մեկ լավ առիթ է, թող կադրի մեջ գնան ու գան, գնան ու գան: Մյուսը հորը չներեց՝ կերպարներն ափսեները խփում են պատերին, չորրորդին դուր է եկել ապրելը՝ իր դերասանները պառկած են կանաչ խոտին, նայում են երկնքին ու ժպտում: Նկարում են, ու կյանքը դառնում է ավելի հարմար, վախերդ, ներս ու դուրսդ, սերդ ու ատելությունդ տեսնում ես էկրանի վրա, ինքդ քեզ համար ավելի ընդունելի դառնում: Երբեմն քո ստեղծածով էլ ֆիլմ դիտողին ես օգնում ինքն իր հետ հարմարվել ու խնդրին կողքից նայել. ի՞նչ վատ է: Չնայած չէ, մի բան վատ է. գազալցակայանի աշխատակցին մոռացավ ասել, որ «էմբարգոն» տերմին է, ոչ թե քաղաք:
Սա է ամենը. նկարել մի բան, վերնագրել մի բան, մոնտաժել մի բան՝ արանքում մոնտաժածը մի քանի անգամ կորցնելով ու հայհոյելով՝ ավարտել տվյալ բանը՝ առանց բանմեջ անելու: Հետո նայել, նկարածը ատել, հետո՝ սիրել, ի վերջո՝ ատել ու սիրել միաժամանակ, վնասել քեզ նկարածով, օգնել քեզ նկարածով, վնասել ու օգնել միաժամանակ, համակերպվել, օգնել դիտողին, կամ չօգնել, նայել՝ ոնց են հարմարվում, ուղարկել ֆիլմը փառատոների, քրտնել, երբ ֆիլմդ են դիտում, սառել դիտումից հետո խմած շամպայնից, տերմոբալանսի գալ տան ճանապարհին:
Հայկական փառատոներից Վաղոն հատկապես սիրում է Ոսկե ծիրանը, որովհետև արտասահմանյան տասնյակ հյուրերի արանքում բոլորն իր վրա թքած ունեն, և անգամ կուրսի Մարիշը, որի դոշերը հասցրել է մի քանի անգամ ափերում տրորել, նայում է Վաղոյի աչքերին ու շան տեղ չի դնում, քանի որ զբաղված է արտասահմանցիներին տպավորելու կարևոր գործով:
Մինչ շատերը զբաղված են իրար դուր գալու կարևորագույն խնդրով, ինքը ֆիլմեր կդիտի, կնստի անկյունում մի տեղ, կվայելի անտեսված լինելու հաճույքն ու կփորձի ընկալել՝ ինչ հարմարություն է փնտրել այս ու այն ռեժիսորը՝ կադրն ընտրելիս: Ֆիլմ նայելու լավագույն ժամանակահատվածը կյանքի այն փուլն է, երբ քեզ շան տեղ դնող չկա: Ինքդ քո հույսին ես մնում, ու ֆիլմերը վազում են օգնության:
Վա Պուկչուկոն համաձայն չէ էս ամենի հետ, ու երևի, իսկապես, Վաղոյից ռեժիսոր դուրս չի գա: Արեշցի Վաղոն կգնա մի ինչ-որ դաշտ, հետը կտանի քրքրված աթոռ, կնստի ու կնայի արևածագին, կմտածի՝ ինչ անհարմարություն ունի, որ ուզում է նկարել:

evnmag.com

editors

Recent Posts

Էդմոն Մարուքյանն արձագանքում է ՍԴ որոշմանը

Սահմանադրական դատարանն օրերս քննել ու որոշել է, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ Կից տեսանյութում…

3 mins ago

ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ…

33 mins ago

Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի…

37 mins ago

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի խորքերին հարվածելու համար…

40 mins ago

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող հայերին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում սեպտեմբերին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց անունները հաստատել…

51 mins ago

Մոսկվան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում՝ տարածաշրջանի համար սարսափելի հետևանքներից խուսափելու…

57 mins ago