Հայաստանում հաջորդ տարվա սեպտեմբերին կայանալիք «STARMUS VI» միջազգային փառատոնը կհամախմբի 60-ից ավելի գիտնականների, ինժեներների, արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից: Գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները միավորող փառատոնի մասնակիցների ցանկում լինելու են նոբելյան մրցանակակիրներ, ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը, «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը և այլք:
Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն, անվանի գիտնական Գարիկ Իսրայելյանը: «STARMUS VI» միջազգային փառատոնի թեման է «50 տարի Մարսի վրա»: Փառատոնը նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:
«Հավատում եմ, որ մոտակա 10-20 տարիներին ամենաշատ խոսվող թեման լինելու է Մարսը: Թեման ամենևին չի ենթադրում, թե փառատոնն ամբողջությամբ նվիրված է լինելու աստղագիտությանը: Այս ուղղությունն ընդհանուր քննարկումների շարքում 20 տոկոս է կազմելու, մնացած հատվածում անդրադարձ է լինելու բիոտեխնոլոգիաներին, ֆիզիկային, բարձր տեխնոլոգիաներին և այլն»,-ասաց Գարիկ Իսրայելյանը:
Անվանի գիտնականը նկատեց, որ այսօր մեծ անջրպետ կա հասարակության և գիտության միջև: Տարիների ընթացքում գիտությունը թռիչքային զարգանում է, ճյուղավորվում է ու դրան զուգընթաց այդ անջրպետը մեծանում է: Խնդիր է դրված գիտությունը մոտեցնել հասարակությանը, այն ավելի հասանելի դարձնել ու ներգրավել երիտասարդների: Ահա այդ խնդրի լուծման ճանապարհին իր ուրույն դերն ունի «STARMUS» միջազգային փառատոնը, որի հիմնական նպատակն է կապ ստեղծել հասարակության ու գիտության միջև: Գարիկ Իսրայելյանը հպարտությամբ է ընդգծում այն հանգամանքը, որ «STARMUS» -ը երկու անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն գիտական փառատոնը և դա՝ մեծ մրցակցության պայմաններում:
Կարևորելով «STARMUS VI» միջազգային փառատոնի անցկացումը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ հազարավոր մասնակիցներ գալու են Հայաստան՝ մասնակցելու գիտության, ավեստի, երաժշտության այս մեծ տոնին:
«Սա մեր երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է, որպեսզի հասկանան, որ իրենց, իրենց ընտանիքի, երկրի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ: Մեր երկիրն ունի ամենամեծ հարստությունը՝ տաղանդավոր մարդիկ, որոնց պետք է աջակցել, օգնել, որպեսզի զարգանան: Այդ գործում լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելը, քաջալերելը, ներկայացնելն է»,-ասաց ՀՀ նախագահը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ հետպատերազմյան ու համավարակի պայմաններում Հայաստանում «STARMUS»-ի անցկացումը մեծ նշանակություն ունի: Այս ընթացքում մեր հասարակությունը բարձրացնում է անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Նախարարի համոզմամբ, անվտանգության լավագույն երաշխիքը հենց զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է, և այդ դաշտում առաջատար լինելն է:
«Փառատոնի շրջանակում նախատեսված է շատ հետաքրքիր ծրագիր, որը հասանելի կլինի բոլորին՝ դպրոցականներ, ուսանողներ, ցանկացած մարդու, որը ուզում է մասնակցել: Ասեմ, որ կա նաև գաղափար, որ Հայաստան գան ոչ միայն նոբելյան մրցանակակիրները, ճանաչված արտիստները, այլև նշանավոր մարզիկներ»,-ասաց նախարարը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ընդգծեց, որ Գարիկ Իսրայելյանի քայլը ոգեշնչող ու լավագույն օրինակն է բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են գործել Հայաստանում:
«Դրսում աշխատող մեր գործընկերը, կարևորելով Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն, իր անձնական նախաձեռնութամբ եկել է Հայաստան, ղեկավարության հետ համաձայնություն ձեռքբերել ու այժմ իրականացվում է այս ծրագիրը: Ոչ ոք չի ասել՝ Գա՛րիկ, գնա արա այդ գործը, նա դա արել է իր նախաձեռնությամբ: Ես կարծում եմ, որ Գարիկ Իսրայելյանը երբևէ Հայաստանից չի էլ հեռացել, նա պարզապես Կանարյան կղզիներում աշխատում է: Ես այդպես եմ ընկալում իրեն, ինքը լավագույն օրինակն է: Այսօր Հայաստանում գործ անելու դաշտը բաց է: Մենք, որպես կառավարություն, ցանկացած համագործակցության, համատեղ ծրագրերի համար բաց ենք»,-եզրափակեց նախարարը:
«STARMUS» փառատոնը սկիզբ է առել Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում և 2011 թվականից համախմբում է գիտության ոլորտի միջազգային հեղինակությունների՝ Նոբելյան դափնեկիրների, արվեստի և երաժշտության համաշխարհային հանրահայտ դեմքերի: Հայաստանում այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո:
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…