ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարարը շնորհավորել է Քրիստինե Վայգանդին և ընդգծել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրերի կարևորությունը, որոնք բխում են հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունից: Հանրակրթության ոլորտի մարտահրավերներին լավագույնս արձագանքելու և առկա խնդիրները լուծելու համատեքստում Վահրամ Դումանյանը երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Նախարարը փաստել է, որ ներկայում ԿԳՄՍ ոլորտներում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ մասնավորապես մատնանշելով «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և Կրթության զարգացման ռազմավարության նախագիծը։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր հերթին նշել է, որ կրթության ոլորտն այն հիմնական չորս ուղղություններից մեկն է, որն առաջիկա չորս տարիների համար ամրագրվել է ՀՀ կառավարության հետ համագործակցության շրջանակում։ Նա շեշտել է, որ ԿԳՄՍՆ-ի հետ առկա է երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ՝ ընդգծելով, որ նախարարության համակարգման ոլորտներն իրավամբ շատ լայն են՝ նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն։ Քրիստինե Վայգանդը փաստել է, որ ներկայում ԿԳՄՍ նախարարությունն ակտիվորեն գործակցում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» (GPE) ծրագրի շրջանակում, որի նպատակը հանրակրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելն է՝ համախմբելով միջազգային գործընկեր կառույցներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հիմնադրամներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել կրթության շարունակականության և հեռավար կրթության ապահովման գործում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի բովանդակային և տեխնիկական աջակցությունը՝ մատնանշելով ԿՏԱԿ-ում ստեղծված նկարահանման տաղավարի կահավորման և տեսադասերի պատրաստման գործընթացը։ Նա նաև ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը նախադպրոցական այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելների ներդրման առումով։ Անդրադառնալով GPE-ի շրջանակում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունները կօգնեն, որ հանրակրթության բարեփոխումները լինեն փաստահեն՝ որպես օրինակ բերելով նոր չափորոշիչների կարևոր բաղադրիչ հանդիսացող գնահատման համակարգը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր հերթին ընդգծել է «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» (GPE) ծրագրի և Կրթության զարգացման ռազմավարության կապը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության գործողությունների պլանում ամրագրված ռազմավարության նախագիծն առաջիկայում կքննարկվի զարգացման գործընկերների հետ։
Անդրադառնալով փոքրաթիվ և սահմանամերձ համայնքներում որակյալ կրթության հասանելիությանը՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ դա լրջագույն խնդիր է, որի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել մի շարք գործընթացների իրականացմանը, օրինակ՝ հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ առկա է ուսուցիչների պակաս, այս ուսումնական տարվանից փորձնական կարգով մեկնարկել է 18 մենթոր դպրոցների առաջատար ուսուցիչների կողմից հեռավար ուսուցման գործընթացը: ԿԳՄՍ նախարարը մատնանշել է նաև մյուս փոփոխությունը, այն է՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար հաստատվել է կրթական ծառայությունների ապահովման ծրագիր, որով նախատեսվում է կրթական նոր մոդելի գործարկում:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև համընդհանուր ներառականության, ուսուցիչների վերապատրաստման, ոչ ֆորմալ կրթության և երիտասարդության, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ մի շարք հարցեր։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…