Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին երկրի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան առնչությամբ:
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է.
«Նա իր երկրին անմնացորդ նվիրված ակնառու քաղաքական գործիչ էր, ազատության և արդարության գաղափարների պաշտպան։ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր և շոշափելի ներդրում ունեցավ հազարամյակների պատմամշակութային առնչությունների և ընդհանուր հոգևոր արժեքների վրա հիմնված հայ և հույն ժողովուրդների միջև միջպետական հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեջ»։














