Լրահոս 24/7
05.01.2022

Աղոթում ենք, որ Բեթղեհեմի հավիտենական կյանքով պայծառակերպվի մեր ազգի կյանքը. Արամ Ա կաթողիկոս

Աղոթում ենք, որ Բեթղեհեմի հավիտենական կյանքով պայծառակերպվի մեր ազգի կյանքը. Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը Սուրբ Ծննդյան հայրապետական պատգամ է հղել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Յովհաննէս Առաքեալ իր Առաջին Ընդհանրական Նամակը կը սկսի վկայելով, թէ՝ Որդին, Բանը, որ նոյնինքն կեանքն էր, Բեթղեհէմի ճամբով յայտնուեցաւ մարդուն (1.1-2)։ Այս գծով անհրաժեշտ է հետևեալ ընդգծումները կատարել. – Աստուած՝ ստեղծիչը կեանքին։

Աստուածաշունչը կը հաստատէ, թէ Աստուած ստեղծիչն է կեանքին։ Տիեզերքի մէջ ոևէ գոյութիւն ինքնագոյ չէ, իր գոյաւորիչը ունի։ Աստուած ոչինչէն ստեղծեց տիեզերքը իր բանական և ոչ-բանական արարածներով՝ ստեղծագործութեան մէջ իւրաքանչիւրին իւրայատուկ տեղն ու դերը ճշդելով։ 

– Մարդը՝ պսակը Աստուծոյ ստեղծագործութեան։ Հանգրուանային կերպով կատարած իր ստեղծագործութեան վերջին օրը Աստուած ստեղծեց մարդը։ Աստուածաշունչի առաջին գիրքը՝ Ծննդոցը մարդու ստեղծագործութեան երկու դրուագներու (1.27,2.7) ճամբով կը շեշտէ, թէ ի տարբերութիւն բոլոր արարածներէն, մարդը ստեղծուած է հողէն, օժտուած՝ բանականութեամբ, և որպէս Աստուծոյ գործակից, տիեզերքը կառավարելու յատուկ պարտականութիւն տրուած իրեն։ 

– Մարդու աստուածատուր կեանքի անկումը։ Աստուածաշունչը կը պատմէ, թէ ինչպէս առաջին մարդը, Ադամը, հաւատարիմ չգտնուեցաւ իր կոչումին, իրեն տրուած իշխանութիւնը օգտագործեց իր հաճոյքին ու փառքին համար և թերացաւ Աստուծոյ նկատմամբ իր համարատութեան մէջ։ Այլ խօսքով, առաջին մարդը մեղանչեց և պատճառ դարձաւ որ «Ադամական մեղքը» ժառանգեն հետագայ բոլոր սերունդները։ Մարդու մեղքին հետևանքով աստուածատուր կեանքը ապականեցաւ՝ չարիք ու վնաս պատճառելով նաև ողջ ստեղծագործութեան։ 

– Բեթղեհէմը՝ ծննդավայր նոր կեանքի։ Ադամի անհնազանդութեան պատճառով մեղքով ապականուած կեանքը Բեթղեհէմի մէջ Աստուծոյ Որդւոյն յայտնութեամբ վերանորոգուեցաւ։ Բեթղեհէմը դարձաւ ծննդավայրը նոր կեանքի։ Քրիստոս յայտարարեց՝ «Ես եմ կեանքը» (Յհ 14.6) և իր մարդեղութեան նպատակը բնորոշեց ըսելով՝ «Ես եկայ, որպէսզի կեանք ունենան» (Յհ 10.10)։ Նոր Կտակարանը յստակօրէն կը պարզէ, թէ Քրիստոսի առաքելութեան կիզակէտը, Բեթղեհէմէն մինչև Յարութիւն, մարդը օժտել էր նո՛ր կեանքով։ 

– Քրիստոս՝ ճամբայ նոր կեանք առաջնորդող։ Աստուծոյ մարդեղացեալ Որդին ո՛չ միայն ինքզինք ներկայացուց որպէս նոր կեանք, այլ նաև՝ միակ ճամբան դէպի նոր կեանք առաջնորդող (Յհ 14.6)։ Հետևաբար, նոր կեանք ունենալու համար հարկ է դառնալ Քրիստոսին և քալել դէպի Քրիստոս տանող ճամբէն։ 

– Քրիստոս՝ աղբիւր յաւիտենական կեանքի։ Յովհաննէս Առաքեալ կը վկայէ, թէ Քրիստոսի ճամբով «Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզի և այդ կեանքին աղբիւրը Որդին ի՛նքն է» (Ա.Յհ 5.11)։ Ան կը շարունակէ ըսելով՝ «մենք տեսանք և կը վկայենք, ձեզի պատմելով անոր մասին, այսինքն՝ յաւիտենական կեանքին մասին» (1.1-2)։

Քրիստոսի աշխարհ բերած կեանքը սովորական կեանք չէր։ Նոր Կտակարանը զայն կը բնութագրէ որպէս առաւել, լեցուն, ճշմարիտ, նոր կեանք, այլ խօսքով՝ յաւիտենական կեանք։ Յաւիտենական կեանքը մերժումն է մեղքով ու չարով տիրապետուած կեանքին, նիւթեղէն ու երկրաւոր արժէքներով առաջնորդուած կեանքին։ Յաւիտենական կեանքը Քրիստոսի ներկայութեամբ ապրուած կեանք է։ Ինչպէ՞ս կարելի է արժանի դառնալ յաւիտենական կեանքին։ Հետևինք Աւետարանիչներուն ու Առաքեալներուն թելադրութիւններուն.

– 1) Քրիստոսի հաւատալով։ Առաքեալը շեշտակիօրէն կը յիշեցնէ՝ թէ «ով որ կը հաւատայ Որդիին, յաւիտենական կեանք կ’ունենայ» (Յհ 3.36)։ Արդ, Քրիստոսը դաւանելով որպէս աշխարհի փրկիչը, մարդ արժանի կը դառնայ Քրիստոսի պարգևած յաւիտենական կեանքին։ 

2) Քրիստոսի հետևելով։ Քրիստոս ըսաւ, ով որ ինծի կը հաւատայ, պէտք է հետևի ինծի։ Արդ, որպէս յաւիտենական կեանքի աղբիւր, հարկ է մօտենալ Քրիստոսին։ Որպէս յաւիտենական կեանքի ճանապարհ, հարկ է քալել այդ ճամբէն։ Որպէս յաւիտենական կեանք տանող դուռ, հարկ է մտնել այդ դռնէն (Մտ 7.13-14)։ 

3) Յաւիտենական կեանքը ապրելով։ Քրիստոսի հետևիլ կ’ենթադրէ՝ Քրիստոս իր մէջ ընդունիլ, նոր մարդ դառնալ և նորոգուած կեանքով ապրիլ (Յհ 5.12, Բ.Կր 5.17, Հռ 6.6)։ Ա՛յս կը թելադրեն Քրիստոսի ներկայութիւնը ապրած առաքեալները։ Յաւիտենական կեանքով ապրիլ կը նշանակէ մեր նմանին ծառայել, արդարութիւն գործել, բարոյական ու հոգևոր արժէքներով մեր կեանքը շաղախել, երկնային շնորհներով մեր կեանքը լեցնել և բարիք գործելով մեր ապրած օրերը իմաստաւորել։ 

Սիրելի՛ հայորդի, կեանքը Աստուծոյ պարգևն է. զայն պէտք է ապրիլ մեր անձի նեղ պարունակէն ու մեր կեանքի սահմանափակ ծիրէն անդին ու վեր՝ երկնային արժէքներու ու յաւիտենական ճշմարտութիւններու համար։

Այս է Քրիստոսին ճամբով աշխարհին յայտնուած կեանքին որակը, իմաստը ու նպատակը։ Հետևաբար, յաւիտենական կեանքը վախճանական երևոյթ մը չէ, գալիք իրականութիւն մը չէ. ան արդէն եկած է աշխարհ Աստուծոյ Որդւոյն մարդեղութեամբ։ Քրիստոսի հետևելու ուխտը կատարած մարդը կոչուած է զայն ապրելու՝ հաւատարմութեամբ, պատասխանատուութեամբ ու յանձնառութեամբ։

Առաքեալը կը պատգամէ՝ «Ամուր կառչէ յաւիտենական կեանքին, որուն քեզ հրաւիրեց Աստուած» (Ա.Տմ 6.12)։ Կ’ապրինք աշխարհի մը մէջ, ուր կեանքը, բնութեան թէ ընկերութեան մէջ, բարոյապէս ապականած է ու ֆիզիքապէս՝ վտանգուած։ Շրջապատուած ենք աստուածատուր կեանքը Աստուծմէ հեռացնող ու զայն մարդակեդրոն ու մարդանպատակ կեանքի վերածող երևելի թէ աներևոյթ չարերով ու չարիքներով։ Մարդուն կողմէ բնութեան պատճառուած չարիքներուն առընթեր, նաև մարդկային կեանքին անոր պատճառած չարիքներուն ահաւոր հետևանքները կ’ապրինք մեր անձնական թէ հաւաքական կեանքի բոլոր մարզերէն ներս։Արդարև, գիտութիւնը որքան փորձէ իր այլազան գիւտերով ու նորանոր իրագործումներով հարստացնել ու ապահովութիւն երաշխաւորել կեանքին, առանց մարդուն յաւիտենական կեանք պարգևած Քրիստոսի կենսատու ներկայութեան՝ կեանքը կը դառնայ աննպատակ գոյութիւն։ Հոն, ուր իր արեան հեղումով մարդուն յաւիտենական կեանք պարգևած Քրիստոս ներկայ է, մեղքը, չարը ու չարիքը հեռու կը մնան։ 

Բեթղեհէմը յաւիտենական կեանքին յայտնութիւնն է մարդուն։ Բեթղեհէմը երկնային հրաւէր է ուղղուած մարդուն՝ իր կեանքը Քրիստոսի վերանորոգիչ ներկայութեամբ շաղախելու, որպէս աղբիւրը յաւիտենական կեանքի։

Արդ, ա՛յս հաւատքով դառնանք Բեթղեհէմին ու ապրինք անոր խորհուրդը։ Նոր Տարուան և Աստուածայայտնութեան տօներուն առիթով, եղբայրական սիրով կ’ողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մաղթելով քաջառողջութիւն և եկեղեցաշէն ծառայութիւններով լեցուն երկար գահակալութիւն։

Քրիստոնէական սիրով կ’ողջունենք Երուսաղէմի Հայոց Պատրիարք՝ Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը և Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեանը, մաղթելով իրենց աստուածահաճոյ գործերով լեցուն ծառայութիւն։ 

Հայրական սիրով և հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու առաջնորդները, հոգևորական դասը ու ազգային իշխանութիւնները, հայ կեանքէն ներս գործող բոլոր միութիւններն ու կազմակերպութիւնները. ինչպէս նաև մեր ժողովուրդի սիրելի զաւակները, աղօթելով, որ Բեթղեհէմի յաւիտենական կեանքով պայծառակերպուի մեր ազգին կեանքը»:

Լրահոս
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին.  Ծառուկյան
14:55
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին. Ծառուկյան
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
14:29
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
14:11
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
13:43
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան
13:18
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը
12:44
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը
Արսենյանն ու Գալուզինը քննարկել են բարձր մակարդակի պայմանավորվածությունների ընթացքը
12:30
Արսենյանն ու Գալուզինը քննարկել են բարձր մակարդակի պայմանավորվածությունների ընթացքը
Վարորդները նորմալ արտաժամյա աշխատավարձ են ստանում. քաղաքապետ
12:07
Վարորդները նորմալ արտաժամյա աշխատավարձ են ստանում. քաղաքապետ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը
11:30
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը
Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան
11:05
Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան
Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Դանիելյան
11:02
Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Դանիելյան
Ռուբեն Վարդանյանը ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին ու մի քանի հարցեր հասցեագրել նրան
10:56
Ռուբեն Վարդանյանը ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին ու մի քանի հարցեր հասցեագրել նրան
Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը
08:33
Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը
Մերը դեռ «ո՞վ ավելի լավ կպահի մեզ»-ն է. Աթանեսյան
08:27
Մերը դեռ «ո՞վ ավելի լավ կպահի մեզ»-ն է. Աթանեսյան
Հայէկոնոմբանկը`Career City Fest-ում. կարիերայի նոր հորիզոններ բանկային ոլորտում
18:03
Հայէկոնոմբանկը`Career City Fest-ում. կարիերայի նոր հորիզոններ բանկային ոլորտում