Սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն կուղարկվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ,
Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Նշենք, որ ՀՀ վարչապետը հայտարարության տեքստը հրապարակել է նաև ռուսերեն տարբերակով:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ և, հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, որն ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ:
Այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ են սկսվել Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկիզբ են առել բողոքի զանգվածային ցույցեր՝ ուղեկցվող անկարգություններով ու ծեծկռտուքներով:
Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը նախօրեին հրամանագրեր է ստորագրել Ալմաթիում և Մանգիստաու շրջանում հունվարի 5-19-ն արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ այնտեղ անկարգությունների վերածված ցույցերի պատճառով հասարակական անվտանգությունն ապահովելու համար: Երեկ առավոտյան երկրի կառավարությունը հրաժարական է տվել՝ համաձայնելով գազի գինը կրկին նվազեցնել, սակայն խոստումը հավատ չի ներշնչել քաղաքացիներին:













