Պետք է աշխարհին ևս մեկ անգամ ցույց տանք, որ Հայաստանն այն գեղեցիկ երկիրն է, ուր արժե այցելել։ Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի և «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում Արմեն Սարգսյանը, նրա տիկինն ու հայկական պատվիրակության անդամներն այցելել են Շարժայի ժառանգության ինստիտուտ։ Որպես պատվավոր հյուր` Հայաստանն այս տարի մասնակցելու է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից անցկացվող փառատոնին՝ ներկայացնելով մեր մշակութային ժառանգությունը։
«Մենք մեծապես գնահատում ենք մեր բարեկամությունն ԱՄԷ-ի հետ և հույս ունենք, որ սա մեր երկրների միջև այլ մշակութային ծրագրի մեկնարկ կլինի։ Կարծում ենք` հաջորդ քայլը պետք է լինի արաբական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում»,–ասել է Նունե Սարգսյանը։Նա Հայաստանի մասնակցությունը փառատոնին կարևորել է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից և նշել, որ կարող է խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան։
Աբդուլազիզ ալ-Մուսալլամն իր հերթին նշել է, որ հայերն ու արաբները պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, և իրենք վստահությամբ են վերաբերվում հատկապես հայկական մշակույթին, ավանդույթներին, ապրանքներին։Հավելենք, որ փառատոնին հայկական տաղավարը ներկայանալու է Նունե Սարգսյանի հովանու ներքո։
«Շարժայի մշակութային ժառանգության օրեր» փառատոնն անցկացվում է 2003 թվականից։ Այն համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ԱՄԷ է մեկնել հունվարի 14-ին։













