ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այժմ քննարկում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել–չառաջադրելու հարցը։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Առաջիկայում ավելի հստակ կներկայացնենք մեր չափանիշները. հիմա քննարկման փուլում ենք: Սակայն նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նա պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը»,-ասաց Մինասյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած չափանիշներին, ըստ որի` նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ բավականին վտանգավոր էր հայտարարությունը, թե պետք է բոլոր ինստիտուտների միջև ներդաշնակեցում լինի։
Գրիգորյանի խոսքով` սա նշանակում է, որ Փաշինյանը հանրապետության նախագահ է ուզում է տեսնել մեկին, ով ընդհանրապես առարկություն չի հնչեցնի որևէ հարցի հետ կապված: Այսինքն՝ Փաշինյանն ուզում է նախագահի պաշտոնում տեսնել նրան, ով բացարձակ լուռ կմնա և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:













