Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանին և գործառնական տնօրեն Վահե Մարտիրոսյանին ։ Այս մասին հայտնում է Սիմիդյանը մասնավորապես նշելով․
«Հանդիպմանը մասնակցել է նաև անտառային ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Քննարկել ենք Հայաստանում անտառային ոլորտում գույքագրված խնդիրները, առկա վիճակի բարելավման ու անտառապատ տարածքների վերականգնման ուղղությամբ պետական ու մասնավոր հատվածի ջանքերի համատեղման հնարավորությունները։

«Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնային արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթը և ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ տեղական ծառատեսակներ։ Այն արդեն հասցրել է նշանակալի գործ անել Հայաստանի անտառների պահպանության ու անտառապատման ոլորտում։
Անտառների վերականգնումը՝ ծառերի լայնամասշտաբ տնկումը և դրանց պահպանման ապահովումը մեր կառավարության առաջնահերթությունների շարքում է, և «10մլն ծառ» նախաձեռնությունը դրա վառ ապացույցն է։Բոլոր այն կազմակերպությունները, ովքեր կիսում են անտառապատ տարածքների վերականգնման և կրկնապատկման մեր տեսլականը, յուրաքանչյուր հարցում ունեն մեր աջակցությունը։
Շրջակա միջավայրի նախարարության և անձամբ իմ անունից «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության մեր գործընկերներին պատրաստակամություն եմ հայտնել անել հնարավորը՝ անտառապատման աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»,- գրել է նախարարը։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։













