ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր զրուցել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քրիս Հիթն-Հարիսը նշել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:
Արարատ Միրզոյանը և Քրիս Հիթն-Հարիսն անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Բրիտանական կողմն իր աջակցությունն է հայտնել կարգավորման գործընթացին:














