Որքա՜ն գեղեցիկ զբաղմունք է աշխատանքը հանուն մարդկության բարօրության:
ՍԵՆ-ՍԻՄՈՆ
Կա հանրահայտ մի ճշմարտություն. մեր քաղաքը մեր դեմքն է: Այսինքն, այն պետք է կառուցենք ու կառուցապատենք առաջին հերթին ինքներս, և առաջին հերթին նրանք, ովքեր կանգնած են տեղական իշխանության կողքին: Թող համեմատությունը կոպիտ չթվա, սակայն անփույթ, թափթփված տուն ունենալու դեպքում գլուխը կախում է տանտերը, նման քաղաք ունենալու դեպքում՝ քաղաքի տերերը: Փառք Աստծո, այսօր մենք գլխիկոր չենք, կատարված լավին հանրությունն ականատես է ամեն քայլափոխի: Ահա հենց այսպես էին մտածում Անդրանիկ Շառյանը և իր թիմը։ Անդրանիկ Շառյան՝ մարդ, ով իր պաշտոնավարման հենց առաջին իսկ տարիներից ձեռնամուխ եղավ իր քաղաքում՝ Բերդում, առկա խնդիրների լուծմանը, որոնք համարում էր իր անձնական խնդիրները․․․
2006 թվականի նոյեմբեր. Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանն արժանացավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհակալագրին: Եվ դա տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ՝ այդ մարմինների կայացմանն ակտիվ մասնակցության համար: Այնուհետև՝ այդ մարմինների կազմավորման 14-ամյակի կապակցությամբ, բարձր պարգև՝ Անանիա Շիրակացի մեդալ, որը տրվում է միայն ընտրյալներին:
Երբ ետադարձ հայացք ենք ձգում համայնքի ղեկավարի պաշտոնավարման անցած տասը տարիներին և ծանրութեթև անում ձեռքբերումների հանրագումարը, ապա անկարող ենք չասել՝ այո, բեղմնավոր է քաղաքապետ Անդրանիկ Շառյանի աշխատանքային գործունեությունը, անձնավորություն, ով սիրում էր իր բնօրանն ու այնտեղ ապրող մարդկանց, ապրում էր համայնքի հոգսերով և ուներ միայն մեկ առաքելություն՝ հնարավորինս թեթևացնել դրանք, բարետես ու բարեկարգ դարձնել քաղաքը: Ապացույցը՝ հանրապետության ղեկավարի բարձր պարգևը:
Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներն ընդգրկվեցին համայնքի զարգացման առաջին եռամյա ծրագրում (2003-2005թթ.): Երեք դժվարին տարիներ, որոնց ընթացքում անհրաժեշտ էր բարեկարգել քաղաքը, մի գործընթաց, որը շարունակական պետք է լիներ, պետք էր աշխուժացնել մարզամշակութային կյանքը, մատաղ սերնդի կրթության ու հայեցի դաստիարակության համար կրթօջախներում ստեղծել անհրաժեշտ պայմաններ և այս ամենի հենքի վրա ամրապնդել մարդկանց հավատը վաղվա օրվա և սեփական ուժերի նկատմամբ, համախմբել նրանց տեղական իշխանության շուրջ:
Անելիքները հստակեցված էին, կատարման ժամկետները՝ ճշտված, մնում էր ամենադժվարին՝ ծրագրերի ֆինանսավորման հարցը: Ծրագիրը՝ ծրագիր, դժվար չէ այն կազմել, սակայն կազմելուց հետո իրականացնել է պետք։ Ահա այստեղ է, որ ընդգծվել է տեղական իշխանության, հատկապես՝ նրա ղեկավարի դեմքը, կազմակերպչական-գործարար հատկանիշները։ Հենց նա է, որ, ուր որ հարկն է, ներկայացրել է համայնքին հուզող խնդիրները, ապահովել դրանց լուծումը։
Կարճ ժամանակում վերանորոգվեցին մարզադպրոցի ու մշակույթի տան շենքերը, հարստացվեց նյութատեխնիկական բազան, սկիզբ դրվեց թիվ 2 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությանը, որը եղել է Անդրանիկ Շառյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում ամենախոշոր շինարարական ծրագրերից մեկը։
Տուֆակերտ ու երկհարկանի կառույցը, որը զբաղեցնում է 3200 քառակուսի մետր տարածք, լավագույն նվերներից մեկն է եղել մեր քաղաքին: Այն ունի ժամանակակից դպրոցին անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում են բավարար թվով կաբինետներ ու արհեստանոցներ, գրադարան, բուժկետ, լաբորատորիաներ, բացօթյա մարզահրապարակ: Իսկ 2011 թվականին շահագործվեց նորակառույց մարզադահլիճը։
Վերանորոգվեցին նաև մարզադպրոցի ու մշակույթի տան շենքերը, հարստացվեց նյութատեխնիկական բազան։
Երեք տարիների գործունեության արդյունքում քաղաքը նոր ու հաճելի դիմագծեր առավ իր համայնապատկերին, աշխուժացավ մարզամշակութային կյանքը, և դա վկայում են անհերքելի փաստերը: Նորովի շունչ առան գրեթե մոռացության տրվող ավանդույթներն ու ստեղծվեցին նորերը: Մշակութային կյանքում ողջունելի էր հատկապես մի կարևոր իրադարձություն՝ «Բերդ» թերթի լույսընծայումը (2003 թ․), մանավանդ, որ ավելի քան 10 տարի քաղաքը չուներ գրավոր լրատվության իր աղբյուրը:
Եվ այս ամենը դեռ 3 տարիների ձեռքբերումների լրիվ ցանկը չէ:
2003 թվականին Բերդի գինու-կոնյակի գործարանի հիմնադրումը հրաշալի նվեր եղավ շրջանի այգեգործներին, որոնք առանց ձգձգումների ու դժվարությունների սկսեցին իրենց արտադրանքը հանձնել գործարան և ստանալ մթերված խաղողի արժեքը։
2004 թվականին նշանավոր երևույթ էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Բերդի մասնաճյուղի ստեղծումը, որը, հատկապես առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար, դարձավ մի հուսալի նեցուկ:
Ա․ Շառյանի պաշտոնավարման առաջին տարիներից հետո ձևավորվեց հաստատուն մի կարծիք՝ քաղաքապետի ընտրությունը ճիշտ է կատարվել, համայնքն ունի կազմակերպող, նրա վաղվա օրով մտահոգ ու մարդկանց կարիքները հոգացող, նրանց սատարող մի ուժ, և դա տեղական ինքնակառավարման մարմինն է՝ իր ղեկավարով: Կար մի դուռ, որը միշտ կարող էիր բախել, համոզված, որ քեզ սիրով ներս կհրավիրեն, կունկնդրեն ու կհոգան հոգսերդ: Բոլոր լծակներով շարժման մեջ էր դրվել մի հզոր ուժ, որը, իրոք, նպաստեց տեղական ինքնակառավարման մարմնի կայացմանն ու հզորացմանը: Իսկ այդ հզոր ուժը համայնքի ղեկավարի նվիրվածությունն էր իր բնօրրանին, հաստատակամությունը համակարգելու աշխատակազմի, համայնքի ավագանու, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեությունը, ամենատարբեր կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցելու կարողությունը, նպատակասլացությունն ու արգելքները հաղթահարելու կամային հատկանիշները:
Զգալի աշխատանքներ կատարվեցին, դրանց թվարկումը երկար կտևի, կատարվածը փաստ է ու մեր աչքի առաջ, միայն նշենք, որ ձեռք բերվեցին աղբատար մեքենաներ և հացահատիկահավաք կոմբայն, նորացվեցին բազմաբնակարան շենքերի տանիքները, սկսվեց երաժշտական դպրոցի շենքի շինարարությունը (2004 թ․), շահագործվեց թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը (2007 թ․), հիմնովին նորոգվեց թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքը։ Այս երկու կրթօջախներում լուծվեց լոկալ ջեռուցման խնդիրը:
Միայն թիվ 3 մանկապարտեզում 22 հազ․ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վերանորոգման աշխատանքներ կատարվեցին, նյութատեխնիկական բազան հարստացվեց 1.286 միլիոն դրամի գույքով։ Խճապատվեցին ու ասֆալտապատվեցին փողոցներ, բարեկարգվեցին հանդամիջյան ճանապարհներ, լուծվեցին մի շարք այլ խնդիրներ:
2009-2012 թթ. քառամյա զարգացման ծրագրի մեջ ներառված հիմնախնդիրների լուծումով նոր որակ ստացավ քաղաքի դիմագիծը, նոր գուներանգներ՝ մշակութային կյանքը։ 2012 թվականին Բերդ համայնքի ղեկավար Անդրանիկ Շառյանի ջանքերի շնորհիվ, վերջապես, իրողություն դարձավ վաղուց սպասված մի երևույթ՝ սկսվեց և արագ թափով առաջ էր տարվում Սուրբ Հովհաննես անվամբ եկեղեցու շինարարությունը։ Մարդաշատ էր շինհրապարակը. Հոգևոր թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և տեր Արամ քահանա Միրզոյանի մասնակցությամբ կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։ Կանցներ կարճ ժամանակ, և քաղաքի բնակչության առջև իր դռները կբացեր նորակառույց եկեղեցին։
Բերդ համայնքի 2009-2012 թթ․ քառամյա ծրագրով նախատեսված՝ ուշադրության կենտրոնում էր նաև երաժշտական դպրոցի շենքի կառուցումը, որով բավարար պայմաններ ստեղծվեցին մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության համար։ Շենքի կառուցումն սկսվեց 2004 թվականին, և արագորեն վեր բարձրացավ կառույցի պատկերը։
Լուծվեցին նաև սոցիալ-կենցաղային մի շարք խնդիրներ: Տեղական բյուջեի միջոցներով խճապատվեցին Այգեստան, Խորենացի, Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ, Խորենացի փողոցները, նորոգվեց մարզադաշտ տանող կամուրջը, գիշերային ժամերին արդեն լիովին լուսավորվեցին Իսահակյան, Սայաթ Նովա, Գարեգին Նժդեհ, Խորենացի, Այգեստան, Հայկ Նահապետ փողոցները:
Այսպիսով, 2002-2012 թվականներին իր ուրույն ուղին անցավ նաև մեր քաղաքը։ Տեղական իշխանության նպատակասլաց գործունեության շնորհիվ լիովին փոխվեց քաղաքի դեմքը։
Մեջբերենք Բերդ համայնքի ղեկավար Անդրանիկ Շառյանի դիպուկ խոսքը․ «Տեղական իշխանության քաղաքականությունն այսուհետ ևս կլինի նույնը՝ բազմապատկել հոգևոր արժեքները, քաղաքը դարձնել էլ ավելի բարետես ու գեղեցիկ, համայնքը՝ ուժեղ։ Ձեռքբերումները համատեղ աշխատանքի արդյունք են: Հետևաբար, տրված գնահատականը և՛ աշխատակազմինն է, և’ համայնքինը: Համոզված եմ՝ սերտ համագործակցությունը նոր պտուղներ կտա»։
Մեր քաղաքը մեր տունն է, համայնքը՝ մեր ընտանիքը: Եկեք այսուհետև լինենք համախումբ, սիրենք մեր բնօրրանն ու նվիրվենք դրա շենացմանը, և գալիք սերնդին կտակենք բարետես տուն ու ընտանիք, որ մեր քաղաքն ու համայնքն են:
Ա Շառյանի կենսագրությունը․
Անդրանիկ Շառյանը ծնվել է 1963 թ.-ի օգոստոսի 3-ին, Բերդ քաղաքում:
1970-1980 թթ. սովորել է Բերդի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1981-1986 թթ. ուսանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետում:
1987-1991 թթ. աշխատել է N81 պրոֆտեխնիկական ուսումնարանում:
1991-1994 թթ. աշխատել է «Բերդ» փոքր ձեռարկությունում՝ որպես տնօրեն:
1994-1995 թթ. զբաղեցրել է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետի պաշտոնը:
1999-2002 թթ. աշխատել է որպես «Հայփոստ» ՓԲԸ-ի Տավուշի փոստային մասնաճյուղի պետ:
2002-2012 թթ. զբաղեցրել է Բերդի քաղաքապետի պաշտոնը:
2013-2016 թթ. աշխատել է ՀՀ Տավուշի մարզպետարանում՝ որպես մարզպետի խորհրդական:
2016թ.-ից զբաղեցրել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Բերդի ՍԱՏԳ պետի պաշտոնը:
2021 թ.-ից աշխատել է որպես Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ:
Ամուսնացած էր: Ունի երկու որդի, մեկ դուստր:
Նյութը տրամադրեց Սուրիկ Ասիլբեկյանը
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…