ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր` մարտի 1-ին, Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը:
Նա Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապության, ինչպես նաև` բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման վրա:
Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակելու՝ համագործակցությունը հումանիտար հարցերի կարգավորման նպատակով։














