ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակից։
«Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ: Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին»,–ասել է Սարգսյանը:
Կարևորելով Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ Սարգսյանը շեշտել է, որ պատրաստ է աջակցել Խաչատուրյանին՝ իր հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։














