X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ի՞նչ «գնով» Հայաստանը կմասնակցի COP29-ին, իսկ եթե չմասնակցի, ապա Բաքուն կկորցնի՞, թե՞ կշահի. Աթանեսյան

Վաշինգտոնում «Թուրան» գործակալության թղթակիցը Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերին հարց է ուղղել՝ ԱՄՆ-ը մտադի՞ր է Նյու-Յորքում, որտեղ եկող շաբաթ բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, Հայաստան-Ադրբեջան եւս մեկ հանդիպում կազմակերպել, ինչին ամերիկացի դիվանագետը պատասխանել է. «Ես ոչ մի տվյալ չունեմ: Բնականաբար, մենք միշտ հնարավորություն ենք փնտրում, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեն»:
Ասվածից կարելի է զգուշորեն եզրակացնել, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցների արդյունքում ԱՄՆ պետքարտուղարի չի հաջողվել հասնել Փաշինյան-Ալիեւ գագաթաժողովի համաձայնության, բայց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի «ցուցասրահներում» Միրզոյա-Բայրամով բանակցությունների կազմակերպման «հնարավորություն դեռեւս կա»:
Ավելի վաղ փորձագիտական տեսակետ է հնչել, որ Վաշինգտոնը «փորձում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել՝ օգտագործելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընձեռած հնարավորությունը»: Մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին,- ասել է պետքարտուղարության խոսնակը:
Խոսքն, իհարկե, առաջին հերթին դիվանագիտական գործիքակազմի մասին է, բայց ուշադրություն է գրավում Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենի հավաստիացումը, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Կլիմայի հարցերով Բաքվում անցկացվելիք խորհրդաժոողի հաջողությանը:
COP29-ի կազմակերպման հարցում Բաքուն մի շարք բարդությունների է բախվել: Ալիեւն իր հերթին հույս է հայտնել, որ կհաջողվի հասնել կոնսեսուսի: Կարելի է տարբեր մեկնաբանություններ անել, բայց զուտ քաղաքական առումով Բաքվի խորհրդաժողովի մեծ հաջողություն կլիներ Հայաստանի մասնակցությունը: Ալիեւն այդ հարցում կոնսենսուսը նկատի ունի:
ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի Բաքու այցից հետո ադրբեջանցի որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ նա Ալիեւին առաջարկել է COP29-ին ընդառաջ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց մերժում է ստացել»:
Պետքարտուղարության խոսնակի ասածից ենթադրվում է, որ Վաշինգտոնը փորձում է Նյու-Յորքում Միրզոյան-Բայրամով «հանդիպում կազմակերպել»: COP29-ին Հայաստանը մասնակցության հրավեր, ըստ ադրբեջանական կողմի, ստացել է արտաքին գործերի նախարարի անունով:
Միլլի մեջլիսի վերընտրված պատգամավոր Մուսբեկովն օրերս «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ հայ-ադրբեջանական «համաձայնագիր նախաստորագրելու մասին Ադրբեջանի նախագահի առաջարկությունը մնում է բանակցությունների սեղանին»:
Երեւանը Բաքվին առաջարկել է պայմանագրի համաձայնեցված նախաբանը եւ հոդվածներն ամփոփել եւ այդ հիմքով փաստաթուղթ ստորագրել: ԱՄՆ-ը փորձում է երկու առաջարկություններից «միջակայքային առաջընթա՞ց ապահովել»: Հայաստանը կհամաձանի՞ մասնակցել COP29-ին, եթե իր եւ Բաքվի առաջարկությունների համադրմամբ որեւէ փաստաթուղթ նախաստորագրելու «պատուհան բացվի»:
Իսկ եթե չմասնակցի, Ադրբեջանը կկորցնի՞, թե՞ «ինչ-որ բան» կշահի:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս