X
Մենք սոց. ցանցերում

Ծառուկյանը փոխում է մարտավարությունը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր հայտարարությամբ մանրամասնել է, թե ինչով էր պայմանավորված հունիսի 5-ի հիշարժան ելույթը, որը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնելու և դրանով խիստ մտահոգ լինելով էր պայմանավորված։ Եվ դրդապատճառներն էլ շատ ազնիվ մղումներից էին, քանի որ Ծառուկյանը պարզապես ցանկացել է ահազանգել իշխանություններին՝ «վաղը ուշ է լինելու»։

Հատկանշական է, որ հուլիսի 8-ին Ծառուկյանի՝ խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր Վերաքննիչ քրեական դատարանի կողմից և հետ էր ուղարկվել նոր քննության, իսկ արդեն հուլիսի 9-ին հայտնի դարձավ՝ քաղաքական գործչին պատկանող «Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից՝ սույն թվականի երրորդ եռամսյակի սահմանված պետական տուրքը չվճարելու համար։

Այս իրադարձությունների ֆոնին հետաքրքիր է դիտարկել այսօրվա հայտարարությունը, որում կուսակցապետն անդրադարձել է սոցիալական ճգնաժամին, տնտեսության աղետալի վիճակին, համավարակին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, չի անտեսվել անգամ Հ1-ի եթերում հայտնված Նավալնին։ Եզրահանգումը մեկն է՝ ապագան գորշ է ու անգույն, հարյուր հազարավոր մարդիկ սոված են ու անհույս։

Ուստի Ծառուկյանն առաջարկում է լրջանալ ու աշխատել, դուրս գալ կաբինետներից ու շփվել մարդկանց հետ, իսկ «ով չի կարողանում աշխատել՝ պիտի գնա»։ Այստեղ մի նրբություն նկատենք՝ ընդդիմադիր առաջնորդն այլևս 100 տոկոսով կառավարության հրաժարական չի պահանջում, ավելին՝ առաջարկում է դառնալ «լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ», և մեծահոգաբար խորհուրդ է տալիս չվախենալ խնդիրների ծավալից ու աշխատել։

Իսկ ինքն արդեն իսկ լծվել է Հայաստանի համար հակաճգնաժամային լուծումների և ծրագրերի մշակմանը, միայն թե չվախենան Ծառուկյանից և չխանգարեն ազգանվեր գործունեության ճանապարհին։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս