Լույս է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի «Ագաթանգեղագիտական պրպտումներ» գիրքը

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Լևոն Տեր-Պետրոսյանի «Ագաթանգեղագիտական պրպտումներ» գիրքը` նվիրված հեղինակի գործընկեր և մտերիմ բարեկամ, բելգիացի արևելագետ-հայագետ Միշել Վան Էսբրոկի հիշատակին (1934-2003թթ.): Այս մասին տեղեկանում ենք ilur.am կայքից:

Գիրքը կազմել և ձևավորել է Ավետիս Ավագյանը, խմբագիր` Աշոտ Սարգսյան, ասորերեն բնագրի համակարգչային մուտքագրող` Էսթեր Պետրոսյան: Գիրքը հասանելի է գրախանութներում: Գրքի բովանդակության մասին ընթերցողին պատկերացում տալու նպատակով ստորև ներկայացնում ենք հեղինակի առաջաբանը:

ԱՌԱՋԱԲԱՆ

Մասնագետների եւ հետաքրքրասեր հանրության գործը հեշտացնելու համար ես նպատակահարմար եմ համարել սույն հատորյակում ամփոփել հայ հին մատենագրության ամենաթանկարժեք կոթողներից մեկի՝ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» վերաբերյալ 1980-ական թվականներին հրատարակած իմ հետեւյալ հոդվածները.

1. «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի». դասախոսություն, դասավանդված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում 1982–1988 թթ., հրատարակված Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից «Լեւոն Տեր-Պետրոսյան, Դասեր Հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, 1993» գրքում, էջ 7–24։

2. «Սուրբ Գրիգորի Վարդապետության» արձագանքը(՞) խաչքարային արվեստի խորհրդապաշտության մեջ, «Էջմիածին» ամսագիր, 1984, № Դ, էջ 47–51։

3. «Գրիգոր Լուսավորչի Վարդապետության» ասորական աղբյուրները», «Բանբեր Մատենադարանի», 1986, № 15, էջ 95–109։

4. «Մաշտոցյան ավանդները եւ հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում». «Պատմա-բանասիրական հանդես», 1981, № 1, էջ 107–119։

5. «Ագաթանգեղոսի ասորական խմբագրությունը», Մաս Ա – Առաջաբան», «Էջմիածին» ամսագիր, 1987, № ԺԱ–ԺԲ, էջ 83–89։

6. «Ագաթանգեղոսի ասորական խմբագրությունը», Մաս Բ – Թարգմանություն», «Էջմիածին» ամսագիր, 1988, № Ե–Զ, էջ 45–54; 1989, № Դ–Զ, էջ 90–99։

7. Գիրքն ավելի ամբողջական դարձնելու նպատակով նրանում, Բոլլանդյան ընկերակցության թույլտվությամբ, ընդգրկել եմ Ագաթանգեղոսի քննության առարկա խմբագրության ասորերեն բնագիրը։

8. Որպես հավելված կցել եմ իմ եւ Բոլլանդյան ընկերակցության տնօրեն Ռոբերտ Գոդդինգի փոխանակած նամակները, որոնք վերաբերում են ասորերեն բնագրի վերահրատարակման արտոնության խնդրին, ինչպես նաեւ իմ աշխատությունների մատենագիտությունը, նկատի ունենալով, որ նրանում առկա են նաեւ այլ հրապարակումներ՝ այս կամ այն կերպ առնչվող սույն գրքի բովանդակությանը։

Ժողովածուում ներառված նյութերը վերարտադրված են գրեթե նույնությամբ, չհաշված չնչին խմբագրական փոփոխությունները, մատենագիտական լրացումները եւ տպագրական վրիպակների սրբագրումները։

Բնականաբար, պարտք եմ համարում շնորհակալություն հայտնել գրքի կազմող եւ ձեւավորող Ավետիս Ավագյանին, խմբագիր Աշոտ Սարգսյանին, ասորերեն բնագրի համակարգչային մուտքագրող Էսթեր Պետրոսյանին, ինչպես նաեւ Ագաթանգեղոսի ասորական խմբագրության վան Էսբրոկի կազմած բնագրի վերահրատարակման թույլտվության համար՝ Բոլլանդյան ընկերակցության տնօրեն Ռոբերտ Գոդդինգին (Robert Godding)։

Ի դեպ, 2025 թվականին լրանում է մեր պատմության ամենաերախտավոր անհատականություններից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի մահվան 1700-ամյակը, որի մեծագործությունն, իր շրջադարձային տարողությամբ եւ հայկյան քաղաքակրթության հետագա ընթացքը պայմանավորող արդյունքով, համեմատելի է թերեւս միայն Մեսրոպ Մաշտոցի վաստակի հետ։ Ուստի սույն ժողովածուն կարելի է նաեւ համեստ տուրք համարել այդ նշանավոր տարեթվի հավուր պատշաճի արժեվորման պահանջին։ Հայաստանի քրիստոնեացում եւ գրերի գյուտ. ահա քաղաքակրթական նշանակություն ունեցող երկու բախտորոշ իրագործում, որոնք նրանց նախաձեռնողներին՝ մի դեպքում Գրիգոր Լուսավորչին եւ Տրդատ Գ թագավորին, մյուս դեպքում՝ Մեսրոպ Մաշտոցին եւ Վռամշապուհ արքային, որպես բացառիկ կերպարներ, առանձնացնում են Հայոց պատմության մնացյալ բոլոր հսկաներից։

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago